Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար. Ֆիդան


Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար. Ֆիդան
Ապրիլ 13 17:36 2026

Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին Անկարայում «Անադոլու» գործակալության խմբագիրների կլոր սեղանի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ֆիդանը նշել է, որ տարածաշրջանում էսկալացիան կանխելու ուղղությամբ Անկարայի ակտիվ քայլերը դրսևորվում են նաև դիվանագիտական ոլորտում, այդ թվում՝ տարածաշրջանային և գլոբալ խաղացողների ուժերի հավասարակշռություն ձևավորելու նպատակով։

«Իրավիճակի ցանկացած փոփոխություն և անկայունություն տարածաշրջանում այսպես թե այնպես ազդում է Թուրքիայի վրա, ուստի Անկարան պարտավոր է ունենալ աշխարհի տարբեր մասերում, այդ թվում՝ Հարավային Կովկասում ընթացող գործընթացների պետական տեսլականի հեռանկար»,- ընդգծել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Նա նաև նշել է, որ եթե նախկինում Թուրքիայի կողմից աջակցություն ստացած էներգետիկ նախագծերն իրականացվեին, ապա Հորմուզի նեղուցի շուրջ այսօրվա ճգնաժամի հետևանքները կլինեին նվազ մասշտաբային։

Որպես օրինակ՝ Ֆիդանը բերել է Քաթարից Սաուդյան Արաբիայի և Սիրիայի տարածքով դեպի Թուրքիա գազամուղի կառուցման նախաձեռնությունը, որը կարող էր դառնալ տարածաշրջանի նոր էներգետիկ կառուցվածքի մոդել։

«Հետաքրքիր է նաև Բաղդադի կողմից նախկինում հնչեցված և Անկարայի կողմից աջակցություն ստացած նախաձեռնությունը՝ Իրաքից դեպի Թուրքիա էներգակիրների մատակարարման երթուղի ստեղծելու վերաբերյալ։ Սակայն այս բոլոր նախագծերն այդպես էլ չեն իրականացվել։ Նախաձեռնությունների ձգձգման պատճառներից մեկը հարևան երկրների միջև անվստահության մթնոլորտն է։ Կարծում եմ՝ ժամանակն է տարածաշրջանում Անվտանգության պակտ կնքելու համար»,- շեշտել է Թուրքիայի դիվանագիտության ղեկավարը։

Նրա խոսքով՝ վերոնշյալ Պակտի շրջանակներում Մերձավոր Արևելքի երկրները պետք է հայտարարեն միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անվտանգության հարգման մասին, ինչը տարածաշրջանում համագործակցության գրավականը կդառնա։