Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ողջունելով ներկաներին՝ նա նշել է, որ հանդիպմանը հրավիրվել են Հայաստանում ամենաշատ աշխատատեղեր ստեղծած ընկերությունների ներկայացուցիչները։
Նրա խոսքով, 2018–ից ի վեր Հայաստանում ստեղծվել է 288 000 աշխատատեղ։ 
«Բայց ակնհայտ է, որ այդ աշխատատեղերը մենք չենք ստեղծել, դրանք դուք եք ստեղծել, իհարկե Կառավարության քաղաքականությունները նպաստել են և որոշակի միջավայր ստեղծել։ Մեր նախընտրական ծրագրում ներառել ենք տարեկան առնվազն 25000 աշխատատեղ ստեղծելու հարցը, որը շատ կարևոր է»,– ասել է Փաշինյանը՝ կարևորելով այս դինամիկայի շարունակականությունը։
Հաջորդիվ նա անդրադարձել է տնտեսության մեջ արհեստական բանականության ներդրմանը, ինչը նաև ռիսկեր է առաջացնում, այդ թվում՝ աշխատատեղերի հետ կապված։ Նա կարևորել է այդ ուղղությամբ վերլուծական և գործնական աշխատանքի իրականացումը՝ հնարավոր խնդիրներից զերծ մնալու համար։
«Մենք պետք է հասկանանք՝ ինչ ունենք անելու, ինչ ուղղություններում պետք է համագործակցենք, որպեսզի կարողանանք աշխատաշուկայի ճիշտ տրանսֆորմացիան ապահովել»,– ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ Կառավարությունը վերջին տարիներին միլիարդավոր դրամներ է ծախսել՝ տնտեսության արդիականությունն ու վերարտադրողականությունն ապահովելու համար։ Մասնավորապես, վարչապետը հիշատակել է Տնտեսության արդիականացման ծրագիրը, որն էական դերակատարում է ունեցել տնտեսական դինամիկան ապահովելու հարցում։ Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ 2018-ից մինչ օրս՝ ի հեճուկս 2020 թվականի կորոնավիրուսի համավարակի, պատերազմի, Հայաստանում միջինում 7% տնտեսական աճ է ապահովվել։
Այս համատեքստում, նա շնորհակալություն է հայտնել գործարարներին՝ տնտեսական աճին նպաստելու համար։

Վարչապետի աշխատակազմի տարածած տեղեկատվության մեջ նաև նշվում է, որ նա խոսել է առողջության համընդհանուր ապահովագրության, աշխատող անձանց աշխատավարձերի դրույքաչափերին, դրանց միջոցով համակարգից օգտվողների թիվն ավելացնելու հնարավորություններին։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ համակարգը հաջողությամբ գործարկվել է և այս առումով գործատուները շատ առանցքային դերակատարում ունեն։
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ այժմ մտնում ենք տնտեսական զարգացման բոլորովին նոր շրջափուլ, ինչն իհարկե կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացի հետ։
«Մենք առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասում, որը կապված է առաջին հերթին TRIPP նախագծի գործարկման հետ, որը էական է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունն ի վերջո ամբողջական դուրս է բերելու շրջափակման վիճակից: Բայց, ըստ էության, այսօր էլ է Հայաստանը հաղթահարել շրջափակումը, որովհետև գիտեք, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հնարավոր է իրականացնել երկաթուղային բեռնափոխադրումներ և իրականացվում են, բայց ուզում եմ ասել նաև, որ արտահանումներ ևս հնարավոր է իրականացնել երկաթուղով, իհարկե Վրաստանի տարածքով, մինչ մենք Ադրբեջանի հետ առաջին հերթին TRIPP նախագծի շրջանակներում երկաթուղին կբացենք: Սա շատ կարևոր է և քաղաքական պայմանավորվածությունը հետևյալն է, որ այդ երկաթուղին երբեք չի փակվելու։ Այսինքն՝ դա և ներմուծման, և արտահանման հուսալի ուղի է»,– ասել է նա։
Ամփոփելով Փաշինյանը նշել է, որ 2018 թվականից մինչ օրս, իրական գնահատականներով, Հայաստանի համախառն ներքին արդյունքը 53%-ի աճ է ունեցել և մեր երկրի տնտեսությունը հասել մի կետի, որտեղ արդեն բիզնես-բիզնես, պետություն-բիզնես, պետություն–աշխատող, աշխատող–գործատու հարաբերությունները պետք է զարգանան նորովի։ Այս առումով, վարչապետը կարևորել է այսօրվա հանդիպումը՝ նմանատիպ հարցեր քննարկելու, գործարարների նկատառումները լսելու համար։
Քննարկվել են տնտեսության զարգացման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող քայլերին, ներդրվող գործիքակազմերին, ներդրումային դաշտի շարունակական բարելավմանը, առկա հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր։










