Ռուսաստանի թիկունքում և ի հեճուկս ՌԴ-ի մենք ոչինչ չենք անում․ այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ՀՀ-ում գտնվող Ղազախստանի ԱԳ նախարարի այցի ժամանակ քննարկվելու է երկաթուղին կոնսեցիոն կառավարման հանձնելու հարցը:
«Ղազախստանն օգոստոսից ի վեր չի թաքցրել իր հետաքրքրությունը ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ։ Ղազախստանը միակ երկիրը չէ, որ հետաքրքված է, բազմաթիվ երկրներ հետաքրքված են։ Եվ մենք, այդ թվում՝ Ղազախստանին, պիտի հրավիրենք՝ պատրաստ լինել ՀՀ-ով անցնող տարանցիկ ուղիները օգտագործել իրենց արտահանումների, ներկրումների և իրենց կողմից մատուցվող տրանսպորտային ծառայությունների շղթայի մեջ»,- ընդգծեց Կառավարության ղեկավարը:
Փաշինյանը նաև նշեց, որ, բացի Ղազախսանից, բազմաթիվ երկրներ հետաքրքրված են «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի հարցով:
Հիշեցնենք՝ «Ղազախստանի երկաթուղիներ» ընկերությունից և Ղազախստանի տրանսպորտի նախարարությունից հայտնել էին, որ Ղազախստանը ներկայումս բանակցություններ չի վարում հայկական երկաթուղիների համար ռուսական կոնցեսիայի ձեռքբերման վերաբերյալ։










