Մի խումբ հասարակական ակտիվ գործիչներ, հիմնականում կանայք, քաղաքացիներ այս պահին խաղաղ ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության շենքի դիմաց՝ ի աջակցություն կալանավորված 18-ամյա աշակերտ Դավիթ Մինասյանի։
Մասնակիցների թվում է նաև «Իմոնք» բարեգործական հիմնադրամի ղեկավար Աննա Հովհաննիսյանը, ում կազմակերպած ու իրականացրած դրամահավաքների շնորհիվ բազմաթիվ երեխաներ ծանր հիվանդություններ են հաղթահարել ու ապրել։
«Դավիթն ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, զրկված է կրթություն ստանալու իրավունքից։ Մենք՝ սրտացավ քաղաքացիներով այստեղ ենք, որպեսզի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ներկայացնենք մեր խնդրանք-պահանջը՝ ազատ արձակել Դավիթ Մինասյանին կամ գոնե սահմանել համաչափ պատժամիջոց՝ պայմանական տնային կալանք։ Պահանջում և խնդրում ենք, որ տիկին Վարդապետյանը իջնի ներքև, զրուցի մեզ հետ»,-ասաց Հովհաննիսյանը։
Այս պահին դատախազությունից առաջարկել են երկու հոգու ուղեկցել շենք, որպեսզի բաժնի պետերից մեկին հանձնեն նամակը։
«Բայց մեր նպատակը ոչ թե շենք մտնելն է, այլ տիկին Վարդապետյանի հետ հանդիպելը»,-ասաց Աննա Հովհաննիսյանը։
Վանաձորից եկած կինը մանրամասնեց, Դավիթին չի ճանաչում, նրան երբեք չի տեսել, ընտանիքի հետ ծանոթ չէ։ Մինչ այստեղ հասնելը նախաձեռնել էր ստորագրահավաք, որպեսզի ՄԻՊ-ը պատշաճ ուշադրություն դարձնի խնդրին։ Դրա ներքո ստորագրել է 4000 քաղաքացի, սակայն ՄԻՊ Անահիտ Մանասյանի տարածած հայտարարությունը նրան չի բավարարել։
Հիշեցնենք, որ 12-րդ դասարանցի Դավիթ Մինասյանը կալանավորվեց Ծաղկազարդի տոնին՝ մարտի 29-ին։ Նա Սուրբ Աննա եկեղեցում ներկա էր պատարագին, երբ Փաշինյանն իր շքախմբով ներս մտավ, ու հավատացյալներին աղոթքի պահին սկսեցին այս ու այն կողմ հրել։ Դրա արդյունքում տեղի ունեցած միջադեպից հետո Դավիթ ու Միքայել Մինասյաններին ձերբակալեցին, ավելի ուշ Դավիթի եղբորն ազատ արձակեցին, իսկ Դավիթին կալանավորեցին երկու ամսով։ Նախ «Արմավիր», ապա «Աբովյան» ՔԿՀ տեղափոխելիս Դավիթի ինքնազգացողությունը վատացել էր, գիտակցության կորուստներ էր ունեցել, այս պահին նա գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում։










