«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է, թե ինչ դրական փոփոխություններ են լինելու մանկավարժների համար «Ուժեղ Հայաստանում».
«Առաջինը՝ մանկավարժների համար ատեստացիայի համակարգի փոփոխություն է լինելու։ Նախարարությունը կունենա վերապատրաստման թիմ, որը բոլոր ուսուցիչների համար անվճար վերապատրաստում կանցկացնի և կպատրաստի նրանց ատեստացիային։ Այսօր քննություններին պատրաստելը վճարովի է։
Նաև կհրապարակվի գրականությունը՝ ինչի շրջանակներում են լինելու ատեստացիայի հարցերը։ Նախարարությունը պետք է հետաքրքրված լինի, որ ինչքան հնարավոր է՝ շատ ուսուցիչ անցնի ատեստացիան և ստանան բարձր աշխատավարձ, որին նրանք արժանի են։
Պարգևավճարների համակարգ է սահմանվելու այն ուսուցիչների համար, որոնց աշակերտները կհաղթեն օլիմիպադաներում կամ կգրանցեն այլ հատկանշական հաջողություններ։
Ուժեղ Հայաստանը սկսվում է ուժեղ կրթությունից, ուժեղ ընտանիքից, և մենք ամենալավն ենք հասկանում, թե ինչ կարևորություն ունի մանկավարժական կոլեկտիվի ճիշտ աշխատանքը երիտասարդ սերնդի զարգացման համար»։










