Վերջին երեք ամսվա ընթացքում տավարի միսը հայաստանյան շուկայում թանկացել է մի քանի հարյուր դրամով։ Եթե Նոր տարուն տավարի սովորական մսի 1 կգ-ն կարելի էր գնել 3600-3700 դրամով, ապա այն այժմ հասել է 4100-ի։ Փափկամիսն ավելի թանկ է՝ տարբեր սուպերմարկետներում ու առևտրի կետերում այն տատանվում է 4900-6000 դրամի սահմաններում։ Տավարի մսի թանկացման մասին փորձագետներն ահազանգում էին դեռ այս տարվա սկզբին՝ հիմք ընդունելով մեր երկրում անասնագլխաքանակի նվազման միտումները։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական թվերի համաձայն, 2026-ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ միսը թանկացել է 8.5 տոկոսով։ Թանկացման միտումն առաջիկա ամիսներին, ըստ կանխատեսումների, կպահպանվի, քանի որ երկրում խիստ կրճատվել է անասնագլխաքանակը, ինչի հետևանքով կա դեֆիցիտ։ Երկրներում, որտեղից Հայաստան ներմուծվում էր տավարի միս, նույնպես խնդիր կա։ Օրինակ, Ռուսաստանի որոշ շրջաններում հիվանդության հետևանքով մեծ թվով կենդանիներ սպանդի են ենթարկվում։
«Այս ամենն ագրարային քաղաքականության բացակայության հետևանք է։ Պետական պաշտոնյաներն ավելի շատ խոսում են, քան գործ են անում։ Ես միշտ եմ ասել, եթե դուք տեսնում եք շատ խոսացող պետական պաշտոնյա, նշանակում է, որ նա իր ժամանակը տրամադրում է ոչ թե գործ անելուն, այլ խոսելուն։ Հետևաբար գործը մնում է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Նրա խոսքով, եթե էկոնոմիկայի նախարարին հարց ուղղեն, որի ենթակայության ներքո է գյուղատնտեսության ոլորտը, տավարաբուծության, խելացի անասնագոմերի մասին, կսկսի երկար պատմել, թե ինչ են արել։
«Պետք է նրանց հստակ հարց տալ, այդ ծրագիրը կաթնատո՞ւ, թե՞ մսատու կովերի մասին է։ Կասեն՝ այդ ծրագիրը չի տարածվում մսատու կենդանիների վրա, հետևաբար ըստ էության, մսի խնդրի լուծման համար տավարաբուծության ոլորտում որևէ գյուղատնտեսական ծրագիր չկա ու չի իրականացվել։ Սրան գումարվում է արոտավայրերի կրճատման խնդիրը, այն, որ գյուղացին այլև չի ցանկանում զբաղվել անասնապահությամբ, թանկացել է անասնակերը, մորթն իրականացվում է սպանդանոցներում, ինչը մեծացնում է մսի ինքնարժեքը։ Արդյունքում ստացվում է այն, ինչ ունենք»,-ասաց Պիպոյանը։
Նրա խոսքով, եթե ոլորտում հստակ քաղաքականություն չիրականացվի, ապա մսի գինն առաջիկայում առնվազն չի նվազի։
Ավելի վաղ սննդագետ Դավիթ Պիպոյանը Panaorama.am-ի հետ զրույցում նշել էր, որ մսի թանկացումը բերում է նրան, որ քաղաքացիները սկսկում են ավելի քիչ կարմիր միս սպառել։










