Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանն արդարացվել է, մեղադրանքը վերաորակվել է. փաստաբան


Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանն արդարացվել է, մեղադրանքը վերաորակվել է. փաստաբան
Մարտ 27 15:35 2026

Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանն արդարացվել է. այս մասին Aysor.am-ին հայտնեց փաստաբան Աբգար Պողոսյանը։

 

Նա տեղեկացրեց, որ մեղադրանքը վերավորակվել է 441-ի առաջին մաս, այլ կերպ՝ առաջադրված մեղադրանքը փոխվել է, և գործողությունները որակվում են որպես պաշտոնեական լիազորությունների չարաշահում։

 

Փաստաբանը ավելի մանրամասն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի Քրեական դատարանը (նախագահող՝ Անի Դանիելյան) ՀՀ ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանի վարույթով հրապարակեց վերդիկտ, ըստ որի, Ալեքսանյանն իրեն մեղսագրվող ՀՀ Քր. Օր.-ի 418-րդ հոդվածով, (ազատազրկում՝ 15-20 տարի կամ ցմահ) այլ կերպ ասած՝ պետական դավաճանության մեղադրանքով Ալեքսանյանն արդարացվեց։

 

Ըստ դատարանի՝ վերջինիս գործողություններում առկա էր ՀՀ Քր Օր.-ի 441-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք (առավելագույնը՝ 4 տարի ազատազրկում)։

 

Թեպետ պաշտպանական կողմը ևս կբողոքարկի դատավճիռը վերաքննիչ քրեական դատարանում, այնուամենայնիվ, ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել դատարանին՝ անկողմնակալ, օբյեկտիվ և անաչառ քննության համար»։

 

Փաստաբանը նաև նկատել է, որ Աշխեն Ալեքսանյանը ենթարկվել է հանիրավի հանրային պարսավանքի, լուսանկարներ են տարածվել, անմեղության կանխավարկածն է խախտվել, իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ են շրջանառության մեջ դրվել։