Նիկոլ Փաշինյանը խաղաղություն է խոստանում, բայց բերելու է ստրկացում ու ադրբեջանացում, այս մասին հայտարարել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Նիկոլը 2021-ի ընտրարշավին խոստացավ հետ բերել/դեօկուպացնել/ Շուշին, բայց 2022-ի հոկտեմբերի 6-ին ամբողջ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։
2020-ի գարնանը քաղաքացիներին բաժանում էր «հպարտ քաղաքացու անձնագիր», որտեղ Արաքսի ափից մինչեւ Օմար հայկական էր, հիմա 12.000 քառ կմ տարածք փոքրացած քարտեզի մակետ է բաժանում։
2020-ի հոկտեմբերի 19-ին ասում էր՝ եթե ՌԴ-ն չմիջամտեր, Ադրբեջանը Սյունիքն էլ կգրավեր, իսկ այսօր բոլոր կորուստների մեջ մեղադրում է ՌԴ-ին։
2022-ին Վլադիվոստոկում «տպավորված էր Պուտինի խնդիրներ լուծելու օպերատիվությամբ», իսկ այսօր տպավորված է միայն Ալիեւի պահանջներով։
ՀԱՊԿ-ին քննադատում է, բայց ՀԱՊԿ անդամ Ղազախստանից շքանշան է ստանում։
2023-ի սեպտեմբերին հայտարարում է, որ Հայաստանը չի միջամտելու Արցախում փաստացի էթնիկ զտմանը, այսօր ասում է՝ զենքերը թողել են Ադրբեջանին։
Ասում է՝ Արցախի էլիտան փախել է, բայց Արցախի էլիտան ու, մասնավորապես, նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը մինչև վերջ մնացել են Արցախում ու Նիկոլի անգործության հետեւանքով հայտնվել են Բաքվում։
Ասածս ի՞նչ է՝ Նիկոլը խաղաղություն է խոստանում, բայց բերելու է ստրկացում ու ադրբեջանացում»,- նշել է Շարմազանովը։










