«Կանազ»-ի շենքը քանդելու ոչ մի ծրագիր քաղաքապետարանը չունի, ունի վերակառուցելու ու ժողովրդին ծառայեցնելու մտադրություն. լրագրողների հետ զրույցում ասաց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ մտադրություն կա շենքը վերածելու հյուրանոցի կամ տեղում բազմաբնակարան համալիր կառուցելու։
«Ես բացառում եմ նմանատիպ որևէ քննարկում»,-նշեց Վարոսյանը։
Նա ասաց, որ «Կանազ»-ի շենքի ճակատագրի վերաբերյալ քննարկումներ եղել են թե՛ քաղաքապետի, թե՛ փոխքաղաքապետի գլխավորությամբ և ներկայումս շենքի վերակառուցման նախագիծ է մշակվում․ պահպանելով նրա ճարտարապետական տեսքը՝ ծառայեցնել բնակիչներին։
Համայնքի ղեկավարի խոսքով, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների հետ քիչ առաջ զրուցել է, ասել են, որ հնարավոր է պահպանել շենքի ճարտարապետական տեսքը, վերակառուցումն էլ կլինի ճարտարապետական տեսքի պահպանմամբ։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան հրդեհ էր բռնկվել նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում։ Հրդեհը կարողացել են մարել ավելի քան չորս ու կես ժամ հետո։










