«Իրական բացահայտման պարագայում առաջին մեղադրյալները պետք է լինեին երկրի առաջին դեմքերը, ներառյալ նրանք, ովքեր մասնակցում էին այս պրոցեսին, իբրև կազմակերպիչներ, իրականացնողներ»,- ԱԺ դիմաց ակցիայի ժամանակ ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ պատասխանելով հարցին, թե ի վերջո ինչո՞ւ չհանրայնացվեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը։
Ըստ նրա, հենց այդ մարդիկ առաջին հերթին պետք է գնային քրեակատարողական հիմնարկեր, եթե Հայաստանը լիներ իրավական երկիր, եթե իսկապես բարեփոխված լիներ արդարադատության համակարգը։
«Զեկույցի չհրապարակումը քաղաքական որոշում էր, մարդկանց վիշտը, ցավն ուղղակի օգտագործվեց՝ տպավորություն ստեղծելու համար, թե ինչքան ժողովրդավար են, նույնիսկ իրենց ժամանակ տեղի ունեցած պատերազմն են քննում։ Մի խոսքով, ձևական առումով այն, ինչ լավ կարողանում են անել՝ գեղեցիկ փաթեթավորեցին, վերջում մարդկանց, զավակները կորցրած ծնողին ուղղակի ասացին՝ քեզ բան չունենք ասելու, բարի ճանապարհ, սա այս իշխանության պատկերն է՝ ինչ մարդկային վիշտ, ինչ մարդու իրավունքներ։ Ոչ բարոյական նորմերի մեջ են տեղավորվում, ոչ իրավական, ոչ քաղաքական, այս մարդիկ ոչ մի կապ չունեն Հայաստանի հետ։
Այս մարդը մերժման ենթակա է, ամեն հաջորդ քայլն ուղղակի մեզ բերելու է ավելի լուրջ խնդիրներ, ամենօրյա ռեժիմով բախվելու ենք ավելի ծանր խնդիրների»,- ասաց իրավապաշտպանը։
Հիշեցնենք՝ մի խումբ հասարակական գործիչներ, զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներ հավաքվել են ԱԺ դիմաց՝ պահանջելով հանրայնացնել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը։










