Թուրքիայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել ենք ՀՀ-ի և Թուրքիայի էներգետիկ համակարգերի միացման հարցը, Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Նրա խոսքով՝ այն տնտեսական լուրջ ազդեցություն կարող է ունենալ մեր տնտեսության վրա:
Խուդաթյանը մանրամասնեց, որ երկու երկրները որոշել են այդ հարցով ուսումնասիրություններ իրականացնել՝ հասկանալու անհրաժեշտ ներդրումների ծավալը:
«Մենք պատրաստակամ ենք այդ ներդրումներն իրականացնել, օր առաջ այդ աշխատանքները սկսել, այն պատկերացմամբ, որ դա կանեն նաև Թուրքիայի գործընկերները, ինչը լրացուցիչ ամրություն կտա ՀՀ-ի և Թուրքիայի էներգետիկ համակարգերին»,- ընդգծեց նախարարը:
Դիտարկմանը՝ անվտանգային խնդիրների առաջացման ռիսկ չի՞ տեսնում՝ Դավիթ Խուդաթյանն արձագանքեց. «ՀՀ էներգետիկ համակարգը միացված է Իրանի, Վրաստանի էներգետիկ համակարգերին, այս երկրներից էլեկտրաէներգիա ենք ներմուծում և արտահանում, նույնը պատրաստվում ենք անել նաև Թուրքիայի հետ»։










