Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկելով թոշակների բարձրացման հարցը՝ պարզաբանեց, թե ինչու էր շուրջ երկու ամիս առաջ հայտարարել, թե «10 000 դրամ թոշակներն ավելացնում ենք, բայց ինչո՞ւ տանք էդ փողը թոշակառուին, որ չիմանա՞ն, թե ինչպես արդյունավետ օգտագործել»։
«Էտ հայտնի 10 000 դրամի պատմությունը... դա նախ եղել է մեր նախընտրական ծրագրի մեջ և 2025-ի բյուջեի քննարկման ժամանակ է ծագել այդ 10 000 դրամը... ես խոստովանեցի, որ դրա ընկալման մեջ էական դերակատարություն է ունեցել այն, երբ անկանխիկ առևտրի վերլուծությունը ունեցել ենք, և տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում ահավոր մեծ է։ Ես դրանից ահավոր նեղվել եմ և այդ ժամանակ է եկել այն գաղափարը՝ 2025-ին»,-ասաց նա։
Փաշինյանը շարունակեց, որ ինքն էլ է ժամանակին ծխել, իր հայրն էլ, բայց դա առողջության վրա բացասական ազդեցություն է թողնում. «Ամենայն հարգանքով, ես էլ եմ ծխել, հայրս էլ մինչև վերջ ծխում էր, ու ոչ մի բան չէի կարողանում անել, որ չծխի, ինչը հիվանդության զարգացման պատճառներից էր։
Ասում էի՝ լավ, որ 10 000 դրամ հիմա պիտի ավելացնենք, որ գանք միջին սպառողական զամբյուղի խնդիրը լուծենք, ասում էի՝ 10 000 ֆորմալ տանք, գնան մեր սիրելի թոշակառուները ծխախոտ առնեն և ավելի առողջական խնդիր ունենա՞ն։ Դրա համար ասացի՝ եկեք այս փուլում, ընդ որում տնտեսական աճի կանխատեսումը 5,1 տոկոս էր, որոշեցինք, որ այս փուլում ուղղորդենք առողջության վրա, որ ասենք՝ սիրելի՛ թոշակառուներ, մենք այդ փողը՝ 10 000 դրամը, ավելացնում ենք, բայց մենք ձեր փոխարեն, հազար ներողություն, ուղղորդում ենք առողջապահությանը»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց՝ ինքը նամակ է գրել նախարարներին, որ կանխատեսվածից աճի գնահատականը դրամական տան․«Երբ ասել են, որ մոտ 100 մլրդ դրամ է, ասել եմ, որ շատ լավ, դրա համար մենք հիմա 10 000-ով կավելացնենք, կլինի և հետվճարը։ Նշել եմ, որ այս տնտեսական աճը մեր թոշակառուները պետք է զգան, ասենք էսա, առողջության ապահովագրությունը և կենսաթոշակը»։










