Ջրային կրթությունը կամ ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը էական փոփոխության ենթակա է, առանց այդ վերաբերմունքի փոփոխության հնարավոր չէ հասնել փոփոխության, Ջրային կոմիտեի ձևավորման 25-րդ տարեդարձի առիթով ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Որևէ բան հնարավոր չէ փոխել, եթե ինքդ չես փոխվում։ Այսինքն, մարդը պետք է փոխվի, որպեսզի կարողանա ինչ-որ բան փոխել, որևէ պաշտոնյա պետք է փոխվի, որ կարողանա ինչ-որ բան փոխել»,-ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ մենք չենք հասկանում, որ կյանքը փոփոխությունների ընթացք է, և չփոխվելը բերում է աղետների։
«Մեր շատ աղետներ կապված են նրա հետ, որ մենք չենք հասկանում փոխվելու անհրաժեշտությունը։ Ջրային ոլորտը այն ոլորտներից է, որտեղ մենք ընդհանրապես չենք փոխվել։ Չենք փոխվել վերջին 100-ամյակներում, դրա համար էլ տեղում դոփում ենք և մեզ ոչ մի բան չի փրկում բացարձակապես և չի փրկելու, քանի դեռ մենք չենք հասկանում, որ մենք պետք է փոխենք ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը, պետական կառավարման համակարգից սկսած՝ ժողովրդական մակարդակով վերջացրած»,-նշել է Փաշինյանը։
Վարչապետն ասել է, թե գյուղերում իրեն հաճախ են հարցնում՝ ինչու ենք պարտական վճարել մեր պապենական ջրի համար։
«Մենք վճարում ենք ոչ թե մեր պապենական ջրի համար, այլ վճարում ենք, որպեսզի ջուրը սարից գա, հասնի մեր տուն»,-ասել է Փաշինյանը` նշելով, թե ջրի վերաբերյալ աշխարհի վերաբերմունքը փոխվել է, իսկ հայերի վերաբերմունքը՝ ոչ։
«Դրա համար ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք»,-ասել է Փաշինյանը։










