ԲԴԽ-ի հայտարարությունը փաստաբաններին, իշխող ռեժիմի ապօրինությունների մասին բարձրաձայնողներին լռեցնելու փորձ է. Մելիքյան (Տեսանյութ)


ԲԴԽ-ի հայտարարությունը փաստաբաններին, իշխող ռեժիմի ապօրինությունների մասին բարձրաձայնողներին լռեցնելու փորձ է. Մելիքյան (Տեսանյութ)
Փետրվար 21 11:19 2026

ԲԴԽ-ի հայտարարությունն անընդունելի է. ֆեյսբուքյան եթերում հայտարարեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Անթաքույց ձևով իրենից ներկայացնում է փաստաբաններին, իշխող ռեժիմի ապօրինությունների մասին բարձրաձայնողներին լռեցնելու փորձ»,- ասաց նա։

Ըստ Մելիքյանի՝ ԲԴԽ-ի կողմից տարածված հայտարարության վերնագիրը կարծես ամբողջությամբ ընդունելի է՝ ԲԴԽ-ն դատապարտում է դատավորներին վիրավորելու դեպքերը։ «Բայց բովանդակությունը, որ նայում ես, ոչ մի կապ չունի վերնագրի հետ, նույնիսկ անվանական փաստաբանների մասին են խոսում, մասնավորապես, Արա Զոհրաբյանի, նաև լայն մասսայականություն վայելող փաստաբանների, թե իրենց խոսքը ներկայացնում են որպես բացարձակ ճշմարտություն, անընդունելի է... Այսինքն ի՞նչ՝ չքննադատե՞նք, այս ի՞նչ բան է, ես վախենում եմ, որ սա պրոցեսի սկիզբ լինի»,- ասաց նա։

Մելիքյանի խոսքով, եթե փաստաբանը, քաղաքացին որևէ անձնական բնույթի վիրավորանք չի տալիս, չի ասում՝ «սրիկա» է, «այլանդակ» է, կամ որևէ արատավորող տեղեկություն չի հայտնում, ինչպես, օրինակ՝ «սաղ օրը ֆեյսբուքներից դուրս չեն գալիս», որտե՞ղ է գրված, որ իրավունք չունեն քննադատելու։

«Այսինքն՝ դատական իշխանությունը չունի ուղիղ ժողովրդավարական որևէ դրսևորում, բա մենք՝ քաղաքացիներս, մեր անհամաձայնությունը ո՞նց հայտնենք, չենք կարող ասել՝ էսինչ որոշումը խայտառակություն է, ապօրինություն է, հանցագործություն է։ Լավ կլինի մարդիկ իրենց հեղինակության մասին մտածեն ոչ թե օրենքի արգելքներով, այլ բովանդակային առումով»,- ասաց նա։