Ազատ տնտեսական գոտի Տավուշում․ «Ուժեղ Հայաստանը» ներկայացնում է գյուղատնտեսական նոր նախաձեռնություն


Ազատ տնտեսական գոտի Տավուշում․ «Ուժեղ Հայաստանը»  ներկայացնում է գյուղատնտեսական նոր նախաձեռնություն
Փետրվար 20 15:43 2026

Գյուղատնտեսության ոլորտում նախաձեռնողական քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ է հանդես եկել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ Կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը առաջարկել է Նոյեմբերյանում ստեղծել ազատ տնտեսական գոտի՝ ուղղված ջերմոցային տնտեսությունների զարգացմանը։

 

Նրա խոսքով՝ ձմռան ամիսներին արձանագրվող գնաճը ցույց է տալիս, որ տեղական արտադրության ծավալները բավարար չեն շուկայի պահանջարկը ապահովելու համար։ Նոյեմբերյանը, իր աշխարհագրական դիրքով և կլիմայական պայմաններով, կարող է դառնալ մասնագիտացված արտադրական կենտրոն։

 

Կարապետյանը նաև անդրադարձել է էներգակիրների արժեքին՝ առաջարկելով ջերմոցներին գազ մատակարարել սահմանամերձ սակագնով։ 165 դոլար ներմուծման գինը, ըստ նրա, կարող է դառնալ մրցունակ արտադրության հիմք, եթե լրացուցիչ հավելավճարները նվազեցվեն։

 

Ընդդիմադիր քաղաքական ուժը համոզված է, որ մարզային ենթակառուցվածքների զարգացումն ու լայնածավալ ներդրումային ծրագրերը կխթանեն աշխատատեղերի ստեղծումը և կնպաստեն գյուղական համայնքների կայունությանը։