Մարտիրոսյան Աշոտը Մեծամորից էր։ «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրն էր ավարտել։ Չնայած առողջական խնդիրներին, որոնք կարող էին հիմք հանդսիանալ, որպեսզի ազատվեր զինվորական ծառայությունից, Աշոտը գնում, ինքնակամ դիմում է գրում ու 2020 թվականի օգոստոսի 19-ին զորակոչվում բանակ։ Ջրականում էր ծառայում։
1 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Կռվի առաջին օրվանից նա ակտիվ մարտական գործողությունների մեջ էր։ Հոկտեմբերի 12-ին նրանց 12 հոգանոց խումբն ընկնում է շրջափակման մեջ։ Հրամանատար Իշխան Վահանյանը, պատճառաբանելով, թե վիրավոր է, միայնակ է թողնում նորակոչիկների ու փախչում։ Հետո արդեն՝ 2025-ին նա այդ արարքի համար կդատապարտվի 16 տարվա ազատազրկման, բայց դա էլ ետ չի բերի այն կյանքերը, որոնք կորսվեցին վախկոտ հրամանատարի պատճառով։
Աշոտը զոհվեց 2020 թվականի հոկտեմբերի 15-ին Հադրութում, Խուռհատ սարի մատույցներում՝ ադրբեջանա-թուրքական հատուկջոկատայինների դեմ անհավասար մարտում։ Երկար ժամանակ նա անհետ կորած էր համարվում...
2021 թվականի մարտի 5-ին ԴՆԹ համընկում եղավ, բայց հարազատները չհավատացին։ Կրկնակի փորձաքննության պատասխանին ևս չհավատացին և Աշոտի հայրը փորձանմուշն անձամբ տարավ Սանկտ-Պետերբուրգ, որտեղ արդեն երրորդ անգամ ԴՆԹ համընկում եղավ։ Երեք անգամ հաստատված ճշմարտությունը դարձավ ամենածանր հարվածը, որը բաժանեց սպասումն իրականությունից...
Այսօր Աշոտի ծննդյան օրն է։ Նա կդառնար 24 տարեկան։ Բայց նա մնաց այն նույն 18-ամյա լուսավոր տղան, ով գնաց պաշտպանելու հայրենի հողը՝ առանց երկմտելու, առանց վախենալու։
Երկնքում տարիք չկա, այնտեղ միայն լույս կա։ Եվ այդ լույսերի մեջ էլ մնացին Աշոտի ու նրա պես հազարավոր հայորդիների անմար հոգիները։
Երկնային ծնունդդ շնորհավոր, քաջ տղա։ Խունկ ու խոնարհում վառ հիշատակիդ...










