Հայ գերիները «նացիստ» չեն. Նիկոլ Փաշինյանի լռությունը համակրանք է Ալիևի ցինիկ հայտարարության նկատմամբ. Մանե Թանդիլյան


Հայ գերիները «նացիստ» չեն. Նիկոլ Փաշինյանի լռությունը համակրանք է Ալիևի ցինիկ հայտարարության նկատմամբ. Մանե Թանդիլյան
Փետրվար 14 17:25 2026

Երբ Ադրբեջանի նախագահ Ալիևը Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին համեմատում է ֆաշիստների ու նացիստ հանցագործների հետ, դա պարզապես հռետորաբանություն չէ, այլ մարդկային արժանապատվության դեմ ուղղված բացահայտ ատելության խոսք, որը նպատակ ունի արդարացնել բռնությունը, խոշտանգումները, ապօրինի բանտարկությունները և մի ամբողջ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները, այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

Նա շեշտել է՝ հայ գերիները «նացիստ» չեն։

«Նրանք իրենց հայրենիքում ապրող և արարող մարդիկ էին՝ զինվորներ, քաղաքացիական անձինք, պաշտոնյաներ, ովքեր ծնվել, ապրել ու աշխատել են Արցախում՝ իրենց տներում, իրենց հողում։

Նրանք չեն ներխուժել ուրիշի երկիր, չեն եկել օկուպացնելու, չեն գնացել ոչնչացնելու այլ ժողովուրդների։ Նրանք պաշտպանել են իրենց ընտանիքները, իրենց համայնքները, իրենց գոյության իրավունքը։

Այս պարագայում «նացիստ» բառն օգտագործվում է մեկ նպատակի համար՝ արդարացնել արցախցիների բռնագաղթն իրենց հայրենիքից, օրինականացնել էթնիկ զտումը և լռեցնել միջազգային հանրության խղճի վերջին մնացորդները։

Երբ Ալիևը հայերին համեմատում է ֆաշիստների հետ, նա փաստացի փորձում է պատմական հանցագործության լեզվով ծածկել իր իսկ ռեժիմի իրականացրած հանցագործությունները՝ շրջափակում, սովամահության հասցնող քաղաքականություն, ռազմական հանցագործություններ, խաղաղ բնակչության ահաբեկում, բռնի տեղահանում, էթնիկ զտում:

Բայց ամենացավալին սա չէ։ Ամենացավալին այն է, որ Հայաստանի իշխանությունը՝ գլխավորությամբ Նիկոլ Փաշինյանի, այս ատելության լեզվին ոչ թե հակադրում է պետական արժանապատվություն, այլ՝ լռություն, զիջումներ և «խաղաղության» անվան տակ պարտվողական քաղաքականություն։

Երբ հայ գերիներին անվանում են «նացիստ», իսկ պաշտոնական Երևանը շարունակում է խոսել «խաղաղության օրակարգից», երբ Բաքուն համեմատում է հայերին մարդկության դեմ հանցագործների հետ, իսկ Հայաստանը համաձայնում է միջազգային հայցերից հրաժարվելու գաղափարին, սա դիվանագիտություն չէ։ Սա ինքնազրկում է։

Խաղաղություն չի լինում այն ժամանակ, երբ քո գերիներին ներկայացնում են որպես նացիստներ, իսկ դու շարունակում ես խաղալ «համագործակցային գործընկեր»։

Խաղաղություն չի լինում, երբ քո ժողովրդին իրավազրկում են, իսկ դու լռում ես՝ հանուն «հարաբերությունների բարելավման»։

Խաղաղություն չի լինում, երբ զոհին ստիպում են արդարացնել դահիճին։

Հայ գերիները ֆաշիստներ չեն։

Նրանք հայեր են։

Մարդիկ են։

Իրենց տանն ապրած, իրենց ապրելու իրավունքը պաշտպանած մարդիկ։

Եվ ով դա համեմատում է նացիստների հետ՝ կամ գիտակցաբար ստում է, կամ փորձում է սեփական հանցագործություններին «բարոյական հիմք» տալ։

Այս ցինիկ հայտարարությանն ի պատասխան լռությունը համակրանք է հանցագործության նկատմամբ»,- նշել է Թանդիլյանը։