«Ստորագրել ենք համաձայնագիրը, որ ԱՄՆ բացահայտի մոդուլյար ռեակտորների տեխնոլոգիաների նրբությունները». Փաշինյանը՝ Հայաստանում մոդուլյար տիպի ատոմակայան կառուցելու մասին


«Ստորագրել ենք համաձայնագիրը, որ ԱՄՆ բացահայտի մոդուլյար ռեակտորների տեխնոլոգիաների նրբությունները». Փաշինյանը՝ Հայաստանում մոդուլյար տիպի ատոմակայան կառուցելու մասին
Փետրվար 13 21:06 2026

Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Հայաստանում մոդուլյար տիպի ատոմակայան կառուցելու մասին հարցին։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Խաղաղ միջուկային համագործակցության շուրջ բանակցություններն ավարտելու վերաբերյալ հայտարարություն էին ստորագրել: Այս առնչությամբ Փաշինյանը լրագրողներին ասաց.

 «Ստորագրել ենք համաձայնագիրը, որ ԱՄՆ-ը բացահայտի մոդուլյար ռեակտորների տեխնոլոգիաների նրբությունները»։    

Նրա խոսքով՝  Հայաստանը կունենա հնարավորություն ամբողջական տեղեկատվություն ստանալ, այդ թվում՝ մոդուլյար ռեակտորների այն տեխնոլոգիաների վերաբերյալ, որը Միացյալ Նահանգները ունի։

 Այս թեման, ինչպես նշեց Նիկոլ Փաշինյանը,  քննարկվել է նաև Ռուսաստանի հետ։

«Այնտեղի տեխնոլոգիայի առանձնահատկությունն այն է, որ դա ջրի վրա է, սուզանավի ռեակտորը ադապտացված տարբերակ է: Մենք նաև Ռուսաստանի մեր գործընկերներին խնդրել ենք, որ նրանք մեր փորձագիտական պատվիրակության այց կազմակերպեն, որ  հասանելիություն ունենանք այդ տեխնոլոգիային նույնպես, բայց Ռուսաստանում ցամաքի վրա չկա: Չինաստանում կա մեծ առաջընթաց այդ ուղղությամբ, Կորեայում կա։ Համաձայնագիրն ԱՄՆ-ի հետ ստորագրվել է, որ մենք հաջորդ շերտի անհրաժեշտ տեղեկատվությունն ստանանք, և մենք առաջ ենք գնում այդ ճանապարհով, բայց ոչ միայն ԱՄՆ-ի հետ, այլ բոլոր այն գործընկերների հետ, որոնք այդ տեխնոլոգիան ունեն», - ասաց նա։