Առաջին քաղաքական հայացքներով բանտարկյալը եղել է մեր կուսակցությունից՝ Արսեն Բաբայանը, որը հիմա Խաչիկ Գալստյանի փաստաբանն է։ Այդ գործը գուցե մոռացվել է, բայց նրան ձերբակալեցին, եւ մեղադրանք ներկայացվեց՝ «իշխանությունը զավթելու համար», որն անհեթեթություն էր, ազատազրկեցին որոշ ժամանակով, հետո ազատ արձակեցին, «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Այո, Արսեն Բաբայանն իշխանությունը չզավթեց ու, ամենակարեւորը՝ դատարանում արդարացվեց։ Այսինքն՝ մարդուն հետապնդել են, ինչ-որ մի փուլում ազատազրկել են, վերջում պարզվել է, որ սուտ է, դատական վախճան չի ունեցել այդ գործը։ Նույնը Խաչիկ Գալստյանի դեպքում կլինի։ Ես առաջին օրը, երբ Խաչիկ Գալստյանին ձերբակալեցին, ասել եմ՝ չեմ կարող մանրամասներ հայտնել, որովհետեւ կաշկանդված եմ նախաքննական գաղտնիքով, բայց վստահաբար ասում եմ, որ այստեղ գործ չկա։ Ժողովրդի լեզվով ասած՝ գործը ջուր է եւ այդ գործը եւս չի ունենալու դատական վախճան, դա զուտ պատժիչ գործողություն է։
Ընդ որում՝ Խաչիկ Գալստյանին, նաեւ Արամ Քոչարյանին եմ ուզում հիշատակել՝ մեր Վաղարշապատի կառույցի պատասխանատուին, որը էլի ձերբակալվեց դեկտեմբերի 30-ին։ Նկատենք, որ այն տվյալները՝ իբրեւ այդ «հանցագործության» մասին, իրենք ձեռք են բերել նոյեմբերի 16-ին, հիմա հարց է առաջանում․ եթե այդ տվյալները ստացել եք նոյեմբերի 16-ին, ոչինչ դրանցում ո՛չ ավելացել, ո՛չ պակասել է, ինչո՞ւ այդ գործողությունը չարեցիք անմիջապես հաջորդած օրերին՝ նոյեմբերի 17-ին, 18-ին, այլ ձերբակալեցիք հատկապես դեկտեմբերի 30-ին։ Իմաստը ո՞րն էր»,-նշել է նա։
Դիտարկմանը՝ ո՞րն է հետաձգման նպատակը, արդյո՞ք ընտանիքներին, հարազատներին ընկճե՞լն է, Վանեցյանը դրական պատասխան է տվել. «Իհարկե, շատ դժվար կացություն է ստեղծվում մարդկայնորեն։ Ընդ որում՝ ընտանիքի անդամների համար․ անչափահաս երեխա ունի Խաչիկը, Արամն ունի երեխաներ, իրենց ընտանիքների համար, իհարկե, շատ բարդ է։ Բայց ես հասկանում եմ, եւ իրենք էլ են հասկանում։ Ընդ որում՝ Խաչիկը մեզնից ավելի պինդ է իրեն պահում հիմա։ Այնտեղից բոլորին ասում է՝ հանկարծ չհուսահատվեք, գնացեք առաջ, պետք է պայքարենք, պայքարը շարունակում ենք»։










