Պատերազմում երկու ոտքը կորցրած Շահեն Բաբայանի հաշմանդամության կարգն իջեցրել են՝ պատճառաբանելով, թե եթե զբաղվում է սպորտով, ուրեմն կազդուրվում է. Մարիամ Հովսեփյան


Պատերազմում երկու ոտքը կորցրած Շահեն Բաբայանի հաշմանդամության կարգն իջեցրել են՝ պատճառաբանելով, թե եթե զբաղվում է սպորտով, ուրեմն կազդուրվում է. Մարիամ Հովսեփյան
Փետրվար 13 00:03 2026

Ֆեյսբուքյան օգտատեր Մարիամ Հովսեփյանը գրել է.

«Հայրենիքի նվիրյալ, պատերազմում, ցավոք, հաշմանդամություն ստացած տղաների հետ եմ ընկերացել և միասին մի քանի միջոցառումներ ենք իրականացրել։ Օրերս իմացա Շահեն Բաբայանի օրինակով մի անտրամաբանական և ցավոտ իրականության մասին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան հանձնաժողովը պատերազմում 2 ոտք կորցրած քաղաքացուն առաջին կարգից իջեցրել է երկրորդ կարգ՝ պատճառաբանելով, որ եթե զբաղվում ես սպորտով, ուրեմն՝ կազդուրվում ես։

Այո՛, Շահենը և շատերն, ովքեր իրենց մեջ ուժ են գտել, չեն կոտրվել կյանքի դժվարություններից, զբաղվում են պարաօլիմպիկ սպոտաձևերով, ներկայացնում են Հայաստանը Եվրոպայի և Աշխարհի մակարդակով մրցաշարերին և բերում հաղթանականեր։ Բայց ակամաից ականատես ենք լինում մի իրավիճակի, որ մենք ՝ համայնքի ներկայացուցիչներս և Հայաստանի շարքային քաղաքացիները, ուրախանում ենք տղաների ամեն մի ձեռքբերումով, համարձակ քայլերով, կենսուրախությամբ և կյանք վերադառնալու փորձերով, իսկ զուգահեռ իրականությունում պետական մարմինները մոտիվացնում են խեղճանալ, կոտրվել և դուրս մղվել սոցիալական կյանք ներգրավվելուց։ Հակառակ դեպքում դժվար է բնութագրել պատերազմում 2 ոտք կորցրած քաղաքացուն, որը մի քանի տարի առաջ առաջին կարգ է ստացել, հիմա երկրորդ կարգ իջեցնելը։

Շահենը բողոքարկել է հանձնաժողովի այդ որոշումը, դռնբաց դատական նիստը տեղի կունենա փետրվարի 17-ին»: