Արտահանման և ներմուծման կրճատում ունենք, որը պայմանավորված է պարզ ոսկու վերարտահանման կրճատումներով. Պապոյան


Արտահանման և ներմուծման կրճատում ունենք, որը պայմանավորված է պարզ ոսկու վերարտահանման կրճատումներով. Պապոյան
Փետրվար 6 20:05 2026

«Տնտեսության բոլոր ոլորտներում թվերն աճել են. ծառայությունները՝ ավելի քան 10 տոկոսով, առևտուրը՝ 3 տոկոսով, գյուղատնտեսությունը՝ մոտ 6 տոկոսով, շինարարությունը՝ ավելի քան 20 տոկոսով, արդյունաբերությունը՝ 4,7 տոկոսով, մշակող արդյունաբերությունը՝ 3,3 տոկոսով»,- այս մասին 2025 թվականի տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նախարարը հայտնեց, որ անցած տարի արտահանման և ներմուծման կրճատում ենք ունեցել, որը, ըստ նրա,  պայմանավորված է պարզ ոսկու վերարտահանման կրճատումներով։ Ինչպես նաև այլ ապրանքներ են որոշակիորեն կրճատվել, որը սանկցիոն մեխանիզմների խստացման հետ է կապված:

«Դուք գիտեք, որ ՀՀ Կառավարությունը խիստ հետևում է, ցանկացած որոշում, որ ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն ընդունում են Ռուսաստանի դեմ՝ այս կամ այն ապրանքի հետ կապված, մենք դա անմիջապես ի գիտություն ենք ընդունում և համապատասխան որոշում ենք կայացնում: Այդ պատճառով այն, ինչ 2023-2024-ին Հայաստանի տարածքով գնացել է, 2025-ին թույլ չենք տվել, որովհետև այդ առումով սերտ աշխատում ենք եվրոպական մեր գործընկերների հետ, դրա համար որոշ ուղղություններով կա վերարտահանման կրճատում»,- պարզաբանեց Պապոյանը:

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ դեպի ԵՄ արտահանումը գրեթե կրկնապատվել է:

Նա նաև ասաց, որ 2025-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը 9,1 տոկոս է եղել, որն ավելի բարձր է, քան 2024-ի ցուցանիշը: