ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.
«Վերջին շրջանում վթարային այսպիսի բազմաթիվ իրավիճակների ենք ականատես լինում քաղաքային իշխանությունների անգործության հետևանքով:
Երեկ հատկապես, երբ ձյան առատ տեղումներից հետո կաթվածահար էր եղել երթևեկությունը, մեր քաղաքացիներից ստանում էինք ահազանգեր, վթարների վայրերից լուսանկարներ:
Տպավորություն է, որ ամեն անգամ իշխանություններն անակնկալի են գալիս տեղումներից՝ պատրաստ չլինելով նման իրավիճակի:
Որտե՞ղ են մսխվում այն միլիոնավոր դրամները, որոնք պետք է ուղղվեին այս աշխատանքներին:
Չեն մաքրվում միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները, փողոցները, մայթերը, բակերը:
Չեն կատարվում մայթեզրերից, շենքերի տանիքներից սառույցների մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով մեր հայրենակիցները հայտնվում են բժշկական հաստատություններում:
Մայրաքաղաքի փողոցները լի են նաև փոսերով. երբեմն մեքենաները դժվարությամբ են դուրս գալիս փոսերից, ինչն էլ ստեղծում է վթարային իրավիճակներ:
Ձեր անգործությունը կարող է կյանքեր արժենալ: Ինչպես մյուս ոլորտները, այնպես էլ այս մեկը, որի կազմակերպումը առանձնապես մեծ ջանքեր չի պահանջում, տապալել եք ձեր կառավարման յոթ տարիների ընթացքում»:










