Եպիսկոպոսաց ժողովների գումարումը Սուրբ Էջմիածնից դուրս եղել է, կա և կմնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրինաչափ գործելակերպերից մեկը. Տեր Հեթում


Եպիսկոպոսաց ժողովների գումարումը Սուրբ Էջմիածնից դուրս եղել է, կա և կմնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրինաչափ գործելակերպերից մեկը. Տեր Հեթում
Հունվար 22 18:06 2026

Եպիսկոպոսաց ժողովների գումարումը Սուրբ Էջմիածնից դուրս եղել է, կա և կմնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրինաչափ գործելակերպերից մեկը՝ պայմանավորված ժամանակի իրողություններով, այս մասին հայտարարել է Գուգարաց թեմի Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։

«Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Ավստրիայում եպիսկպոսաց ժողով հրավիրելու օրինականությունը քննարկող եւ շահարկող մեկնաբանություն անողներին առաջարկում եմ վերհիշել կամ ծանոթանալ ստորև ներկայացվող փաստագրությանը։

Պատմական իրողություն առաջին․ Էջմիածինը երբեք եպիսկոպոսաց ժողով գումարելու մենաշնորհ չի ունեցել

Հայ Եկեղեցու առաջին համահայկական եկեղեցական ժողովը գումարվել է ոչ թե Էջմիածնում, այլ՝ Աշտիշատում (354 թ․)՝ Ներսես Մեծ կաթողիկոսի նախաձեռնությամբ։ Այդ ժողովում են սահմանվել Հայ Եկեղեցու սոցիալական և կարգապահական կարևորագույն սկզբունքները։

444 թ․ Շահապիվանի ժողովը, 506 թ․ Դվինի առաջին ժողովը, 554 թ․ Դվինի երկրորդ ժողովը, 609/610 թթ․ Դվինի երրորդ ժողովը՝ բոլորը գումարվել են քաղաքական և վարչական կենտրոններում, ոչ թե Էջմիածնում։ Եվ դա ոչ թե պատահականություն էր, այլ՝ ժամանակի տրամաբանություն։

Եթե ընդունենք այն թեզը, որ ժողովը պետք է գումարվի միայն Մայր Աթոռում, ապա ստիպված կլինենք կասկածի տակ դնել հենց այն ժողովները, որոնցով ձևավորվել է Հայ Եկեղեցու դավանական ինքնությունը։

Պատմական իրողություն երկրորդ․ ժողովների աշխարհագրությունը միշտ պայմանավորված է եղել իրավիճակով

633 թ․ Կարինի ժողովը, 726 թ․ Մանազկերտի ժողովը, 768 թ․ Պարտավի ժողովը, 862 թ․ Շիրակավանի ժողովը գումարվել են տվյալ ժամանակի քաղաքական և անվտանգային պայմաններից ելնելով։

1179 թ․ Հռոմկլայի ժողովը, որը համարվում է միջնադարյան Հայ Եկեղեցու ամենակարևոր ժողովներից մեկը, տեղի է ունեցել Կիլիկիայում, ոչ միայն Էջմիածնից դուրս, այլև Հայաստանի աշխարհագրական սահմաններից դուրս։ Այնուամենայնիվ, որևէ մեկը երբեք չի վիճարկել դրա կանոնական ուժը։

Պատմական իրողություն երրորդ․ նորագույն շրջանի հստակ նախադեպեր

1956 թ․ մարտի 5-8-ը Եպիսկոպոսաց ժողովը գումարվել է Կահիրեում՝ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով։ Ժողովի արձանագրությունները պահպանված են և պաշտոնական են։ Ժողովը գումարվել է Սփյուռքում՝ պայմանավորված Խորհրդային Հայաստանի պայմաններով և եկեղեցու գործունեության սահմանափակումներով։

2016 թ․ Եպիսկոպոսաց ժողովներ են գումարվել Ստեփանակերտում և Նյու Յորքում։ Երկու դեպքում էլ գործ ունենք նույն տրամաբանության հետ՝ անվտանգություն, ազատ քննարկում, համահայկական ընդգրկում։

Եկեղեցին՝ որպես ինստիտուտ, ոչ թե շենք․ Սանկտ Փյոլթընի ժողովը՝ պատմական օրինաչափության մեջ

2026 թ․ փետրվարի 16–19-ը Սանկտ Փյոլթընում գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովը տեղավորվում է հենց այս պատմական շղթայի մեջ։ Հայաստանում վերջին շրջանում արձանագրված եկեղեցականների նկատմամբ ճնշումները, կալանավորումները և ազատ եկեղեցական կյանքի սահմանափակման վտանգները պաշտոնապես արձանագրված փաստեր են դեռևս 2025 թ․ դեկտեմբերից։

Այս պայմաններում ժողովի անցկացումը այլ միջավայրում չի խախտում եկեղեցական կարգը, այլ ապահովում է դրա բովանդակային լիարժեքությունը։

Եպիսկոպոսաց ժողովների գումարումը Սուրբ Էջմիածնից դուրս եղել է, կա և կմնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրինաչափ գործելակերպերից մեկը՝ պայմանավորված ժամանակի իրողություններով»,- նշել է Տեր Հեթումը։