«Հետևյալ առաջարկն ունեմ յուրաքանչյուրին՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, հրավիրում եմ այն պարգևավճարները, որոնք ստացել ենք, մենք ամբողջությամբ ուղղել ենք սոցիալական ծրագրերին, բայց ոչ թե կամերաների ներկայությամբ մի քանի կիլո կոնֆետ ենք գնում, ընտանիքներին բաժանում և փիառվելու խնդիր ունենք, այլ իրապես՝ գետնի վրա գործ ենք անում։ Դա ես կրկնում եմ, ինչ ասում եմ, հիմնավոր եմ ասում, ոչ թե ձեր նման, պարոն Փաշինյան, մերկապարանոց հայտարարություններ եք անում»,- այս մասին ԱԺ-ում ասաց ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ արձագանքելով պարգևավճարների հետ կապված հարցին։
Պատգամավորն այնուհետև Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց ոչ վաղ անցյալում արված այն հայտարարությունը,թե եկեղեցին և պետությունն անջատ են և պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին։
«Պարոն Փաշինյան, սա ձեր հայտարարություն է ՝ եկեղեցու հետ կապված։ Դուք հետևյալ հայտարարություն եք անում, որ պետությունն ու եկեղեցին անջատ են, բայց անմիջապես դրանից հետո, չգիտեմ, հրավիրում եք ձեր ամառանոց կարգալույծ հոգևորականների, ստորագրում եք մի փաստաթուղթ, որտեղ գրված է ձեր անուն ազգանունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Այս կերպ ուղիղ խառնվելով եկեղեցու ներքին գործերին, որը Սահմանադրության 17-րդ և 18-րդ հոդված գոյություն ունի, և 17 և 18-րդ հոդվածները հստակ ամրագրում են դրույթը, որի մասին ես խոսեցի՝ դուք ուղիղ միջամտություն եք իրականացրել եկեղեցու ներքին գործերին։ Այն օրենքի խախտում է»,- հավելեց Դանիելյանը։
Արձագանքելով Փաշինյանը շարունակեց, որ իր այդ հայտարարությունը նաև շարունակություն ունի և եկեղեցին չպետք է խառնվի պետության գործերին։
Փաշինյանը նաև մեջբերեց բարենորոգման օրակարգի մասին։
Արձագանքելով Փաշինյանին՝ Դանիելյանը նշեց․ «Իսկ ձեր շուրջը հավաքված տիրադավ եպիսկոպոսներն ի՞նչ կենսագրություն ունեն և նախկինում մոռացե՞լ եք այն որակումները, որոնք տալիս էիք այդ մարդկանց հասցեին։ Ես կարող եմ տրամադրել այդ բոլոր նյութերը։ Հիմա, Ձեր միջոցո՞վ են այդ մարդիկ բարենորոգվելու և բարեկարգվելու։ Դուք վարչական ռեսուրսի չարաշահմամբ մարդկանց, հիվանդ մարդուն հիվանդանոցից հանում եք , բերում պատարագի»,- ասաց Դանիելյանը։










