Ճիշտ նպատակներ են դրված․ Հրանտ Բագրատյանը՝ «Մեր ձևով» շարժման տնտեսական ծրագրի մասին


Ճիշտ նպատակներ են դրված․ Հրանտ Բագրատյանը՝ «Մեր ձևով» շարժման տնտեսական ծրագրի մասին
Հունվար 21 20:08 2026

«Մեր ձևով» շարժումը երեկ ներկայացրել է ազգային բարերար, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրը, ՀՀ տնտեսության զարգացման տեսլականը։ 

 

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով նույնպես ներկա էր տնտեսական ծրագրի շնորհանդեսին, Aysor․am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ դրված նպատակները ճիշտ են։

 

«Երեկ այդ նպատակները հռչակվեցին, մասնավորապես այն, որ պետք է խթանել արդյունաբերությունը, ոտքի կանգնեցնել գյուղատնտեսությունը։ Շատ արդիական հարցեր են, քանի որ վերջին 8 տարիների ընթացքում այս ոլորտներում զգալի հետըթաց կա, ուստի բոլոր այդ շեշտադրումները ճիշտ են։ Ինչ վերաբերում է դրանց իրականացմանը, իհարկե, դա իրատեսական է, այդ նպատակները տեսանելիորեն իրագործելի են, սակայն մեխանիզմները պետք է մանրամասն մշակվեն»,-ասել է Բագրատյանը։  

 

Նա նաև ընգծել է, որ ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունները և նախատեսված է երկարաժամկետ հեռանկարի համար՝ հինգ տարվա կտրվածքով։

 

Հիշեցնենք, որ 5 կետից բաղկացած ծրագիրը նախատեսում է շուրջ 300 հազար նոր աշխատատեղի ստեղծում, փոքր բիզնեսի հարկերի վերացում, գյուղմթերքի երաշխավորված գնումների մեխանիզմի ներդրում, պետության մասնակցությամբ 20 հազար մատչելի բնակարանի կառուցում, ինչպես նաև դեղերի գների 20 տոկոսով նվազում։