Եթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի. պատճառը ես չեմ. Ալեն Սիմոնյան


Եթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի. պատճառը ես չեմ. Ալեն Սիմոնյան
Հունվար 16 14:58 2026

Ինքը գիտի՝ ինչու ենք մերժել իր բողոքը: Ցավում եմ, որ ասում է, թե պարզաբանում չի ներկայացվել իրեն: Իրեն, ինչպես մնացածին, շատ մանրամասն ներկայացվել է պատճառը: Ասեմ ավելին՝ մնացածին այդպես մանրամասն չի ներկայացվել, ինչպես իրեն, որպես գործընկեր: Այս մասին Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: 

 

Հարցին՝ այդքան լու՞րջ էր պատճառը, Սիմոնյանն ասել է՝ չեմ պատրաստվում գնահատական տալ, եթե լուրջ չլիներ, դրա առիթը չլիներ, նման որոշում չէր կայացվի:

ԱԺ նախագահն ընդգծել է, որ այն խոսակցությունները, թե իբր իր և Սարգսյանի մեջ խնդիր կա՝ ճիշտ չեն:

 

«Ես հասկանում եմ, որ ով, երբ, որտեղ, ինչ հարցնում է՝ փորձում է իմ հետ կապված ինչ-որ խնդիր գտնել, ինքն էլ, ցավոք, չի ասում, որ չէ՛, դա չէ խնդիրը: Հույս ունեմ՝ կնայի այս հարցազրույցը: Ես չէի կարող այդ պատճառը լինել, և ընդհանրապես ես չեմ պատճառը»,-նշել է նա, հավելելով՝ իրեն հարցրեք, եթե կուզենա մեկնաբանել՝ կմեկնաբանի, ես մեկնաբանություն չեմ անելու:

Ալեն Սիմոնյանը, լրագրողի հարցին ի պատասխան ասաց, որ ինքը և Հայկ Սարգսյանը բացարձակապես շփում չունեն: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկ Սարգսյանը  ճեպազրույցի ժամանակ ասել էր՝ ես դիմել եմ սահմանված կարգով՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, որպեսզի ինձ հնարավորություն ընձեռնվի ընգրկվել ցուցակի նախնական ընտրության կազմում: 

«Ինձ որևէ հիմնավորում չներկայացնելով` «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը մերժել է: Սահմանված կարգով բողոքարկել եմ վարչության որոշումը, ինձ հրավիրել են վարչության նիստի, և որևէ ընդունելի պատճառաբանություն չի ներկայացվել: Իմ դիմումը մերժվել է»,-նշել էր նա: