2025 թվականի հունիսի 18-ից մինչ օրս եղավ մեկ դատավոր, ով պատկերացրեց, որ Քրեական դատավարության օրենսգրքում կալանքից բացի կա խափանման այլ միջոց, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մեր ձևով» ժողովրդական շարժման ղեկավար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։
Սա, սակայն, մեծ հաջողություն համարել չի կարելի։
«Սամվել Կարապետյանի գործով հաջողություն արձանագրելու հանգամանք չունենք, քանի որ այստեղ գործ չկա»,- նշեց նա։
Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը տնային կալանքի պայմաններում այցելել է բժշկական հաստատություն, ունեցել է համալիր բժշկական ստուգում, որը չէր ունեցել շուրջ 7 ամիս։
«Պարզվեց, որ իր մոտ հետանցումային փուլում գտնվող երկկողմանի թոքաբորբ է, որն ախտորոշվել է այնպիսի պայմաններում, որն ունեցել է երկու ամսվա վաղեմություն, այսինքն՝ գտնվելով ՔՀ-ում՝ երկկողմանի թոքաբորբով անձ է լինում ու դա չի ախտորոշվում, չի արձանագրվում, դուք պատկերացնո՞ւմ եք պայմանները, ու Սամվել Կարապետյանը որևէ բողոք չի ներկայացրել»,- մանրամասնեց փաստաբանը։
Ի դեպ, ՔԿՀ-ից գրություններով հայտնել են, որ Կարապետյանի մոտ ոչ մի առողջական խնդիր չի հայտնաբերվել։
«Ո՞նց կարող են այդ մարդիկ բժիշկ կոչվել»,- հարց բարձրացրեց փաստաբանը։
Փաստաբան Արմեն Ֆերոյանն էլ ավելացրեց, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ Սամվել Կարապետյանը մշտապես դժգոհել է խցի ցուրտ լինելու պայմաններից. «Մեզ արգելում էր, որ դրա մասին հրապարակային ելույթներ ունենանք։ Մշտապես քրեակատարողական հիմնարկի վարչության աշխատակիցներին թե՛ գրավոր, թե՛ բանավոր կարգով խնդրում էինք, որպեսզի բավարար ջերմաստիճան ապահովեին։ Ոչ մի ձև չջեռուցեցին Սամվել Կարապետյանի խուցը, այն աստիճան հասավ, որ վերջինս ունեցավ առողջական խնդիրներ։ Միշտ ուներ մրսածություն, անդադար մրսում էր ու ոչ ոք չէր կարողանում հասկանալ, թե ինչից է։ Հասանք նրան, որ իր մոտ ախտորոշվեց երկկողմանի թոքաբորբ, նաև 2 օր առաջ հաստատվել է քովիդի առկայությունը, որը բավականին ծանր դինամիկ ընթացքով էր»։










