Եկեղեցու դեմ իշխանության ճնշման նոր փուլը։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Ամանորի տոներից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն անցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված հակասահմանադրական քաղաքական կամպանիայի նոր փուլին՝ այն տեղափոխելով համակարգված գործողությունների մակարդակ։
Խոսքն իշխանության կողմից Եկեղեցու նկատմամբ ուղղորդված և նպատակային ճնշման գործընթացի մասին է։
Հունվարի 4-ին Փաշինյանը և տասը տիրադավ եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ համատեղ հայտարարությամբ ստեղծեցին «Համակարգող խորհուրդ»։ Իր էությամբ սա վարչապետին կից ապօրինի մի կառույց է, որը չունի ոչ սահմանադրական, ոչ էլ կանոնական լեգիտիմություն և փաստացի կոչված է համակարգելու Եկեղեցու դեմ հակասահմանադրական պայքարը։
Պետական իշխանության ղեկավարի անմիջական ներգրավվածությունը Եկեղեցու ներքին կառուցվածքների ձևավորման գործընթացում բացահայտորեն խախտում է Եկեղեցի–պետություն բաժանման սկզբունքը և ստեղծում վտանգավոր նախադեպ՝ իշխանության կամայական միջամտության համար։
Հունվարի 6-ին տեղի ունեցած երթը դարձավ այս կամպանիայի հաջորդ դրսևորումը։ Այն իրականացվեց իշխանության վարչական ռեսուրսի կոպիտ և ցուցադրական չարաշահմամբ՝ կրելով ոչ թե հասարակական ինքնաբուխ շարժման, այլ վերևից կազմակերպված քաղաքական ճնշման բոլոր բնորոշ գծերը։
Գործընթացի առավել մտահոգիչ պահը հունվարի 8-ի ասուլիսն էր, երբ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում են այնպես անել, որպեսզի Կաթողիկոսը փոխի իր մտադրությունը և ստիպված հեռանա։ Այս հայտարարությամբ իշխանության ղեկավարը բացահայտորեն հրաժարվում է նույնիսկ ձևական իրավական զսպվածությունից և խոստովանում է Եկեղեցու առաջնորդի նկատմամբ պարտադրանքի մեխանիզմների կիրառման մտադրությունը։ Սա այլևս իրավական և սահմանադրական ճգնաժամի ուղիղ ազդակ է, երբ պետական իշխանությունը փաստացի իրեն վեր է դասում Սահմանադրությունից և իրավունքի գերակայությունից։
Հունվարի 9-ին հայտարարվեց, որ տասներեք քահանաներ միացել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «բարենորոգման» գործընթացին։ Այս քայլը վկայում է, որ հակաեկեղեցական կամպանիայի ինստիտուցիոնալացումը արդեն տալիս է իր առաջին արդյունքները՝ ձևավորելով իշխանության կողմից խրախուսվող և վերահսկվող հոգևորականների խումբ։
Տեղի ունեցողը որևէ աղերս չունի Եկեղեցու բարենորոգման գաղափարի հետ։ Խոսքը պետական իշխանության ուղղակի միջամտության մասին է Եկեղեցու ինքնակառավարմանը, որի նպատակն է չեզոքացնել կամ ենթարկել մի ինստիտուտ, որը չի տեղավորվում գործող իշխանության քաղաքական ճարտարապետության մեջ։ Եկեղեցին դիտարկվում է ոչ թե որպես Սահմանադրությամբ պաշտպանված ինքնուրույն համակարգ, այլ որպես քաղաքական խոչընդոտ։
Այս համատեքստում հնարավոր են զարգացման երեք սցենարներ։
Առաջինը՝ Կաթողիկոսին հակասահմանադրական ճանապարհով հրաժարականի հարկադրելն կամ Վեհարանից հեռացնելն է, որը ամենաարմատական և ամենաբարձր ռիսկ ունեցող տարբերակն է՝ ներքին լուրջ ցնցումների և արտաքին լեգիտիմության կորստի վտանգով։
Երկրորդը՝ Եկեղեցու ինստիտուցիոնալ պառակտման գործընթացն ավարտին հասցնելն է՝ իշխանության հովանու ներքո զուգահեռ, վերահսկելի եկեղեցական կառուցվածքի ձևավորմամբ, ինչը ամենից իրատեսական և միաժամանակ ամենավտանգավոր սցենարն է։
Երրորդը՝ հակաեկեղեցական օրակարգի օգտագործումն է որպես նախընտրական գործիք՝ քաղաքական դաշտը բևեռացնելու նպատակով։
Այն, ինչ տեղի է ունենում այսօր, Եկեղեցու շուրջ ընթացող վեճ չէ։ Սա իշխանության վերաբերմունքի արտահայտությունն է ցանկացած ինքնուրույն ինստիտուտի նկատմամբ։ Եկեղեցին դարձել է իշխանության ագրեսիայի խոշոր թիրախը, որովհետև ունի ինքնություն, հասարակական ազդեցություն և արժեքային համակարգ, որը չի ենթարկվում քաղաքական կոնյուկտուրային։
Խնդիրը ոչ միայն հոգևոր, այլ խորապես քաղաքական և սահմանադրական է»,-գրել է նա։










