Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան. Փրկարար ծառայությունը՝ «Կանազ» մշակույթի տան հրդեհի մասին


Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան. Փրկարար ծառայությունը՝ «Կանազ» մշակույթի տան հրդեհի մասին
Մարտ 25 21:21 2026

Փրկարար ծառայությունից նոր մանրամասներ են հայտնել «Կանազ» մշակույթի տանը բռնկված հրդեհի մասին. հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ» է հայտարարվել, կրակի մարման աշխատանքներում ընդգրկված է 11 մարտական հաշվարկ։

Հաղորդագրությունում նշված է.

«Մարտի 25-ին, ժամը 19։12-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է  բռնկվել։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում։ 

Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է «Թիվ 3 կանչ». դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, երկու ջրատար, հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ 

Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»։