Կառավարությունը հաստատեց Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը ներկայանում է որպես զարգացման ուղենիշ, որի նպատակն է վերանայել ու ամրապնդել երկրի տնտեսական կառուցվածքն ու պետական ինստիտուտները։
Նա ասաց, թե տարվա ընթացքում բարձրացրել են իրենց ամբիցիաները ու բյուջեի եկամուտների կանխատեսումն ավելացրել են։
«Կանխատեսումից մի քիչ պակաս ենք հավաքել, բայց ի սկզբանե պլանավորածից հավաքել ենք ավել, այսինքն՝ բյուջեն գերակատարվել է»,- նշեց Փաշինյանը։
Նա ասաց, թե 2018 թվականի հեղափոխությունից ի վեր՝ Հայաստանի տնտեսությունն աճել է ավելի քան 50 տոկոսով։
«Մենք հիմա ունենք բոլորովին ուրիշ տնտեսություն ու բոլորովին ուրիշ երկիր, քան ունեինք 2018 թվականին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, թե Հայաստանում ոչ միայն քաղաքական համակարգն է ժողովրդավար, այլև՝ տնտեսական համակարգը։
«Կառավարությունը չի միջամտել այնտեղ, որտեղ չպետք է միջամտեր, մյուս կողմից, կառավարությունը միջամտել է այնտեղ, որտեղ պետք է միջամտեր»,- ասաց նա։
Ըստ նրա՝ Հայաստանում մարդն օբյեկտից վեր է ածվել սուբյեկտի։
«Հայաստանում բացարձակապես ամեն ինչ որոշում է մարդը՝ քաղաքացին։ Հայաստանի քաղաքացին որ պահին ուզենա՝ կարող է հեղափոխություն անել, որովհետև մենք 2018 թվականին ցույց ենք տվել, որ եթե քաղաքացին ուզենա հեղափոխություն անել՝ պարզապես չկա այդպիսի ուժ, որ կարողանա կասեցնել այդ հեղափոխությունը»,- հավատացրեց նա։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը պայմանավորված է նաև տարածաշրջանային ու արտաքին քաղաքական այն նոր միջավայրով, որը ձևավորվում է Հայաստանի շուրջ։
«Խաղաղության պայմաններում տնտեսությունը նույնպես պետք է վերափոխվի, ինչը հենց այսօր մեր աչքի առաջ տեղի է ունենում»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե պետության տնտեսական զարգացումը պետական շահն է։










