Բաքվի բարբարոսական վարչախումբը միջազգային հանրության աչքում ներկայանում է որպես «խաղաղասեր» և, միևնույն ժամանակ, «խաղաղություն թելադրող» հիմնական կողմ. իրանագետ


Բաքվի բարբարոսական վարչախումբը միջազգային հանրության աչքում ներկայանում է որպես «խաղաղասեր» և, միևնույն ժամանակ, «խաղաղություն թելադրող» հիմնական կողմ. իրանագետ
Հունվար 3 13:08 2026

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի օգնական կոչվող Հիքմեթ Հաջիևի կողմից ամերիկյան «The Washington Times» պարբերականին փոխանցած «Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլ նաև Հայաստանի ժողովրդի հետ» նախադասությունը քարոզչական առումով խիստ վտանգավոր, իսկ զգացական մակարդակում վիրավորական «միտք» է, այս մասին նշել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Առաջին հայացքից «խաղաղասիրական» թվացող այս նախադասությունն իրականում հենց քողարկված հիբրիդային հարձակման դասական նմուշ է, քանի որ՝

1. Հայաստանի ներսում՝ որպես այն ներկայացնող, «սահմանվում» են երկու առանձին սուբյեկտներ՝ կառավարություն և ժողովուրդ, ինչի «տրամաբանությամբ» ստացվում է, որ կառավարությունը լիարժեք լեգիտիմություն չունի ներկայացնելու և չի ներկայացնում իրենից տարբեր և առանձին սուբյեկտ դիտարկվող ժողովրդին, ուստի խաղաղությունը կառուցվում է հայաստանյան երկու սուբյեկտների հետ։

2. Երբ արտաքին՝ այն էլ թշնամական պետության բարձրաստիճան պաշտոնյան, շրջանցելով Հայաստանի պետական կառուցակարգերը և դրանք ներկայացնող պաշտոնյաներին, փորձում է «բարի քեռու» դիրքերից «խոսել» Հայաստանի ժողովրդի հետ, դա, մեղմ ասած, ուղիղ միջամտություն է մեր երկրի ներքին գործերին և ճնշում պետական մարմինների վրա։ Ի դեպ, սա արդեն երկրորդ նման դեպքն է նույն անձի կողմից քաղհասարակության ներկայացուցիչների միջոցով գրեթե նույնանման «ուղերձի» փոխանցումից հետո։

3. Բացահայտորեն փորձ է կատարվում խաղաղության հաստատումը ներկայացնել ոչ թե երկկողմ, այլ միակողմանի գործընթաց, որտեղ միակ կամ հիմնական՝ այլն էլ «բարի», դերակատարը հենց Բաքվի բարբարոսական վարչախումբն է, որը և որոշում է, թե ինչ սուբյեկտների հետ պետք է առանձին-առանձին կառուցի այդ խաղաղությունը։

Հետևաբար, խնդրո առարկա նախադասությունը ոչ թե խաղաղասիրական հայտարարություն է, այլ հիբրիդային հարձակման հստակ օրինակ, որի միջոցով, ըստ էության, կասկածի է ենթարկվում Հայաստանի պետական կառուցակարգերի լեգիտիմությունը, միջամտություն է տեղի ունենում Հայաստանի ներքին գործերին, խթանվում ներհայաստանյան պառակտում, և ի վերջո՝ Բաքվի բարբարոսական վարչախումբը նաև միջազգային հանրության աչքում ներկայանում է՝ որպես «խաղաղասեր» և միևնույն ժամանակ «խաղաղություն թելադրող» հիմնական կողմ»,- նշել է Ոսկանյանը։