ՀԷՑ-ի խոստացած ժամկետը լրացել է, իսկ Էրեբունու բնակիչների լույսը չեն տվել


ՀԷՑ-ի խոստացած ժամկետը լրացել է, իսկ Էրեբունու բնակիչների լույսը չեն տվել
Դեկտեմբեր 29 22:50 2025

ՀԷՑ-ը խոստացել էր, որ ենթակայանի հրդեհի հետևանքով Էրեբունի վարչական շրջանի՝ հոսանքազրկված փողոցներում, թաղամասերում էլեկտրամակարարումը կվերականգնի այսօր ժամը 22։00-ին։ Սակայն Panorama.am-ի հետ զրույցում Էրեբունի, Աթոյան փողոցների բնակիչները հայտնեցին, որ մինչ այս պահը լույս չունեն։ Նրանք տրամադրեցին նաև լուսակարներ, որոնցում երևում է՝ թաղամասը թաղված է մթության մեջ։

Հիշեցնենք, որ շաբաթ երեկոյան ժամերից այս թաղամասի բնակիչների գերակշռող մասը ցրտի պայմաններում մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ ՀԷՑ-ից հայտնել են, որ «Վարդաշեն» 110/35/6 կՎ Ենթակայանի 6 կՎ փակ բաշխիչ սարքավորումներում առաջացած հրդեհի հետևանքով ամբողջովին շարքից դուրս են եկել և դարձել անպիտան սնող 6 կՎ թվով 23 բջիջները, ինչպես նաև դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող օպերատիվ հոսանքի և լարման սարքավորումները։

Ընկերությունից հայտնում են, որ առանց ընդմիջումների իրականացնում են ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված տարածքների էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնմանն ուղղված ինտենսիվ և անհետաձգելի աշխատանքներ: Բայց փաստն այն է, որ տասնյակ ժամեր անց էլ այդ աշխատանքներն օգուտ չեն տվել։