Այսպես կոչված «բացահայտումը» չի ծառայում ո՛չ պատմական արդարությանը, ո՛չ էլ հանրային շահին․ այն քաղաքական պայքարի գործիք է․ քաղաքագետ


Այսպես կոչված «բացահայտումը» չի ծառայում ո՛չ պատմական արդարությանը, ո՛չ էլ հանրային շահին․ այն քաղաքական պայքարի գործիք է․ քաղաքագետ
Դեկտեմբեր 20 17:01 2025

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լրատվամիջոցը հրապարակել է Ազգային անվտանգության ծառայությունից ստացված փաստաթուղթ՝ պնդելով, թե Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, 1980-ականներին հավաքագրվել է սովետական ՊԱԿ-ի կողմից։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

 

«Հայերեն լրացված այդ փաստաթղթից կարելի է ենթադրել, որ այն գաղտնազերծվել է դեռևս 2001 թվականին։ 

Առաջին հայացքից հրապարակումը կարող է ներկայացվել որպես անցյալի «մութ էջերի բացահայտում»։ 

 

Սակայն քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ վերլուծությունը ցույց է տալիս, որ գործ ունենք ոչ թե պատմական արդարության վերականգնման, այլ քաղաքականապես նպատակային կիրառման, եթե չասենք՝ կոնկրետ մարդու և ինստիտուտի դեմ հաշվեհարդարի հետ։ 

Փաստաթղթի հրապարակման ժամանակահատվածը դժվար է համարել պատահական։ 

Այն համընկնում է իշխանություն–Եկեղեցի հարաբերությունների սրման փուլին, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ հրապարակումն ունի հստակ քաղաքական շարժառիթ։ 

Թեև ֆորմալ առումով թիրախավորվում է Եզրաս արքեպիսկոպոսը, իրական հարվածը հասցեագրված է նաև նրա եղբորը՝ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսին և, առավել լայն իմաստով, Հայ Առաքելական Եկեղեցուն՝ որպես ինքնուրույն ինստիտուտի։ 

Եթե տվյալ փաստաթուղթը իսկապես գաղտնազերծվել է 2001 թվականին, ապա առաջանում է հիմնավոր հարց․ ինչո՞ւ է այն շրջանառության մեջ դրվում շուրջ երկու տասնամյակ անց և հենց այս քաղաքական միջավայրում։ 

Այս ընտրովի հիշողությունը կասկածի տակ է դնում ոչ միայն հրապարակման նպատակը, այլև գործընթացի ինստիտուցիոնալ անաչառությունը։ 

Նույնիսկ փաստաթղթի իսկությունը ընդունելու դեպքում անհրաժեշտ է արձանագրել պարզ և միանշանակ հանգամանք․ 1986 թվականին ԽՍՀՄ քաղաքացու համագործակցությունը սովետական հատուկ ծառայությունների, այդ թվում ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ, իրավական առումով չի կարող դիտարկվել որպես հանցագործություն։ 

Այն ժամանակ գործող տոտալիտար իրավակարգի պայմաններում դա ոչ միայն օրինական, այլ հաճախ նաև պարտադրված վարքագիծ էր։ 

Խիստ խոսուն է նաև այն փաստը, որ գործող իշխանության առանցքային ներկայացուցիչներից մեկը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, հրապարակայնորեն խոստովանել է ԱԱԾ-ի հետ իր համագործակցությունը և, այնուամենայնիվ, շարունակում է պաշտոնավարել՝ առանց որևէ քաղաքական կամ բարոյական հետևանքի։ 

Սա հստակ ցույց է տալիս, որ խնդիրը անցյալի հետ սկզբունքային հաշվեհարդարը չէ, այլ կոնկրետ անձանց և ինստիտուտների ընտրովի թիրախավորումը։ 

Արևելյան Եվրոպայի երկրներում կիրառված լյուստրացիան համընդհանուր և օրենսդրորեն կարգավորված գործընթաց էր՝ նպատակ ունենալով հասարակությունը ազատել տոտալիտար անցյալի համակարգային ազդեցություններից։ 

Այստեղ, հակառակը, գործ ունենք լոկալ, ընտրովի և քաղաքականապես շահագրգիռ գործողության հետ, որը որևէ աղերս չունի ինստիտուցիոնալ լյուստրացիայի գաղափարի հետ։ 

Ամենալուրջ և վտանգավոր հետևանքը վերաբերում է հենց ԱԱԾ-ին՝ որպես պետական ինստիտուտի։ 

Գործակալական ցանցի ներկայացուցիչների կամ ենթադրյալ ներկայացուցիչների բացահայտումը քաղաքական նպատակահարմարության սկզբունքով խաթարում է ծառայության հեղինակությունն ու արդյունավետությունը։ 

Դա վտանգավոր ուղերձ է ապագայի համար․ ցանկացած քաղաքացի կարող է հետ կանգնել անվտանգության մարմինների հետ համագործակցությունից՝ մտավախություն ունենալով, որ քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում կարող է դառնալ հրապարակային թիրախ։ 

Սա արդեն ուղղակի սպառնալիք է ազգային անվտանգության համակարգի կայունությանը։ 

Տվյալ գործընթացը դժվար է դիտարկել որպես ինքնաբուխ կամ զուտ մեդիա նախաձեռնություն։ 

Քաղաքական պատասխանատվությունը հանգում է մեկ կենտրոնի՝ Նիկոլ Փաշինյանին, որի կառավարման ընթացքում բազմիցս արձանագրվել են սահմանադրական կարգավորումների անտեսման և իշխանության կամայական կիրառման դրսևորումներ։ 

Կառավարության վերջին նիստում կոնկրետ խանութ փակելու ուղղակի հրահանգը նույն քաղաքական տրամաբանության արտահայտությունն է՝ իշխանության անձնավորում, կամայականություն և ինստիտուցիոնալ մեխանիզմների շրջանցում։ 

Ըստ այդմ, գանք եզրահանգման: 

Այս այսպես կոչված «բացահայտումը» չի ծառայում ո՛չ պատմական արդարությանը, ո՛չ էլ հանրային շահին։ 

Այն քաղաքական պայքարի գործիք է, որն ուղղված է Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ճնշման ուժեղացմանը:

Այս մոտեցումը վտանգավոր է ոչ միայն Եկեղեցու, այլև պետականության համար»,- գրել է նա։