Բաքվում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի կինը՝ Լինդա Էուլջեքյանը, (Իման Արուս), բաց նամակով դիմել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ, Իլհամ Ալիևի տիկին Մեհրիբան Ալիևային՝ խնդրելով ներում շնորհել ամուսնուն։
Նամակում ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Խորը խոնարհությամբ և մեծագույն հարգանքով եմ գրում Ձեզ՝ ոչ միայն որպես Ադրբեջանի առաջին փոխնախագահի, այլ որպես կնոջ, մոր և դստեր՝ մարդու, որի ուժն ու ընտանիքի հանդեպ նվիրումը ոգեշնչել են անհամար մարդկանց, այդ թվում՝ ինձ։
Իմ անունն Իման Արուս է, և ես Վիգեն Էուլջեքյանի կինն եմ, ով արդեն գրեթե հինգ տարի գտնվում է Ադրբեջանի բանտերում։ Ես գրում եմ ոչ թե քաղաքական խնդրանքով, այլ խորապես մարդկային աղերսով՝ կնոջից կնոջ՝ խնդրելով Ձեր կարեկցանքը, ազդեցությունը և այն եզակի ունակությունը, որով Դուք կարող եք հասկանալ սիրո, կորստի և ժառանգության ծանրությունը։
Ձերդ Գերազանցություն, Ձեր անխոնջ ջանքերը՝ հավերժացնելու Ձեր վաստակավոր սկեսրայրի՝ նախագահ Հեյդար Ալիևի հիշատակը՝ նրա անունը կրող կենտրոնի միջոցով, վկայում են այն մասին, թե ինչպես է ընտանիքի ժառանգությունը պահպանվում ոչ միայն խոսքով, այլ ներկայությամբ, հարգանքով և գործողությամբ։ Դուք աշխարհին հիշեցրել եք, որ սիրելիներին, հատկապես մեծերին պատվելը մեր ամենասրբազան պարտականություններից է։
Հենց այդ պարտականությունն է ծանրանում իմ ամուսնու սրտին։ Թեև Վիգենը իր բանտարկությունը կրել է արժանապատվությամբ, նրա բացակայությունը մեր ընտանիքում թողել է ցավալի դատարկություն։ Նրա մայրը մահացել է այն ժամանակ, երբ նա գտնվում էր բանտում. նրան զրկել են սգալու, հուղարկավորելու և նրա հիշատակը արժանապատվորեն կրելու իրավունքից։ Իսկ այժմ իմ մայրը՝ նրա սկեսուրը, կանգնած է դաժան քաղցկեղի վերջին փուլերում։ Կան օրեր, երբ նա չի կարող խոսել, և կան օրեր, երբ նրա շուրթերից հնչող միակ բառը Վիգենի անունն է։
Վիգենը երիտասարդ չէ։ Նա հայր է, ամուսին, փեսա։ Եվ ինչպես բոլոր այն տղամարդիկ, որոնք իրենց ուսերին կրում են ընտանիքի պատասխանատվությունը, նա տենչում է ոչ միայն ազատությունը, այլ հնարավորություն ունենալ կատարել իր պարտքը՝ հարգել այն կնոջ ժառանգությունը, որը մեր կողքին էր, մեծացրեց մեր երեխաներին և պահեց մեր ընտանիքը միասին։ Առանց նրա մենք կորցրած ենք։
Ձերդ Գերազանցություն, դիմում եմ Ձեր սրտին, Ձեր կին լինելուն, Ձեր ըմբռնմանը՝ ինչ է նշանակում արժանապատվորեն կրել ժառանգություն։ Ձեր ձայնը և կարեկցանքը կարող են խաղաղություն բերել ոչ միայն իմ տուն, այլ հզոր ուղերձ հղել աշխարհին, որ Ադրբեջանը Ձեր առաջնորդությամբ ոչ միայն ուժեղ է, այլ նաև ողորմած՝ գիտակցելով բացակայության մարդկային գինը և ներման բուժիչ ուժը։
Իմ ամուսնու ներումն կլինի լուռ մեծագործություն՝ հիշվող ոչ թե որպես զիջում, այլ որպես մարդասիրություն։ Այն կվերադարձնի իմ երեխաներին իրենց կարոտած հորը, իմ մորը՝ փեսային, իսկ ինձ՝ ամուսնուս և կյանքի ուղեկցին։
Սրտիս խորքից խնդրում եմ Ձեզ՝ օգնեք մեզ։ Թող նա վերադառնա տուն։ Թող նա կարողանա պատվել այն, ինչ դեռ մնացել է։ Թող նա կրի այն կնոջ ժառանգությունը, որը գուցե չապրի տեսնելու նրա ազատությունը։
Խոնարհումով, հարգանքով և հույսով՝
Իման Արուս
Վիգեն Էուլջեքյանի կինը»:










