2025 թվականի չորրորդ եռամսյակում տասներկուամսյա գնաճը դանդաղել է՝ նոյեմբերին կազմելով 3.1 տոկոս։ Այդ ընթացքում բնականոն գնաճը փոքր ինչ ավելացել է՝ կազմելով 3.8 տոկոս, այս մասին Կենտրանական բանկում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«2025 թ. չորրորդ եռամսյակում Հայաստանում բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվում է։ Դրան շարունակում են զգալիորեն նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերը, ինչպես նաև որոշ կարճաժամկետ ոչ կառուցվածքային գործոններ։ 2025 թվականի երրորդ և չորրորդ եռամսյակներում տեղական ապրանքների և ծառայությունների նկատմամբ բարձր արտաքին պահանջարկը պահպանվում է։ Միևնույն ժամանակ, ներքին պահանջարկի ընթացիկ պայմանները, ինչպես նաև դրա հետագա միտումների հետ կապված զգալի անորոշությունները ևս պահպանվում են»,-ասաց Մարտին Գալստյանը։
Նա նշեց, որ նման իրավիճակում պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա դեռևս գնահատվում է չեզոք, իսկ գնաճի ընթացիկ միտումները հիմնականում պայմանավորված են որոշ առաջարկի գործոններով։










