ԵԽ լրագրողական կառույցը կոչ է անում ազատ արձակել «Իմնեմնիմի» պոդկաստի հեղինակներին


ԵԽ լրագրողական կառույցը կոչ է անում ազատ արձակել «Իմնեմնիմի» պոդկաստի հեղինակներին
Դեկտեմբեր 13 11:48 2025

Եվրոպայի խորհրդի «Լրագրողների անվտանգության հարթակը» ՀՀ իշխանություններին ուղղված առաջին մակարդակի (1 Level) ահազանգ-կոչով է հանդես եկել` պահանջելով վերանայել Antifake.am-ի «Իմնեմնիմի» քաղաքական պոդկաստի համահեղինակներ և վարողներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի կալանքը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ժուռնալիստների միությունը։

Կազմակերպությունը ՀՀ իշխանություններից պահանջում է նաև պարզաբանել խուլիգանության մեղադրանքների կիրառման իրավական հիմքերը, ինչպես նաև գործի շրջանակում առաջադրված ենթադրյալ «սպառնալիքների» իրավական հիմքերը, հիմնավորել Antifake.am-ի լրագրողական սարքավորումների առգրավումը, վերադարձնել դրանք և տեղեկություններ տրամադրել քրեական վարույթի ընթացքի ու կալանքի պայմանների վերաբերյալ։

«Առաջին կարգի՝ 1 Level ահազանգը հնչեցվում է արտակարգ և ծանր իրավիճակներում, երբ սպառնալիքների, ոտնձգությունների, դրանց հետևանքների վտանգը խիստ բարձր է»,– ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ ահազանգը վերաբերում է լրատվամիջոցների ազատության ամենալուրջ և վտանգավոր խախտումների արձանագրումներին, ինչպես նաև լրագրողների կամ լրատվամիջոցների այլ աշխատակիցների կամ նրանց ընտանիքի անդամների սպանությանը, մահափորձին կամ կյանքին ուղղակի սպառնալիքին՝ իրենց լրագրողական աշխատանքով պայմանավորված, լրագրողներին կամ լրատվամիջոցների այլ աշխատակիցներին ծանր վնասվածքներ պատճառող ֆիզիկական հարձակումներին կամ ցանկացած այլ գործողության, բռնության կիրառմանը՝ նրանց ֆիզիկական անվտանգությանը սպառնալու նպատակով։

Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։