ՀՀ-ի արտաքին պարտքն աճում է ավելի արագ՝ քան ՀՆԱ-ն. «Տաշիր Կապիտալ»


ՀՀ-ի արտաքին պարտքն աճում է ավելի արագ՝ քան ՀՆԱ-ն. «Տաշիր Կապիտալ»
Դեկտեմբեր 12 17:37 2025

«Տաշիր Կապիտալ»-ի փոխտնօրեն Լիլիթ Ղարաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Երեկ քպ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հակադարձել էր Նարեկ Կարապետյանին ու գրել, թե պետական պարտքը անհատի պարտք չէ և պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը միջազգային ընդունված ցուցանիշ է։

Մի քանի հակափաստարկ՝ հիմնվելով միջազգային աղբյուրներից, ավելի կոնկրետ՝ IMF-ի ու Համաշխարհային բանկի պաշտոնական զեկույցներից։

1. Հայաստանի դեպքում նրանք նշում են, որ պարտքը այսօր կառավարելի է, բայց շատ զգայուն է, եթե տնտեսական աճը դանդաղի կամ դրամը արժեզրկվի։

Այսինքն՝ «50%-ից քիչ է» ասելը դեռ չի նշանակում, որ վաղը խնդիր չի լինելու։ Իսկ ըստ այդ զեկույցների ՀՀ-ի արտաքին պարտքն աճում է ավելի արագ քան ՀՆԱ-ն, և ըստ կանխատեսումների 2027-ին այն կհասնի արդեն ~55,4%-ի

Իսկ ըստ Համաշխարհային բանկի, ՀՀ-ի համար այդ հարաբերակցության կարմիր գիծը 60% է:

2. «Զարգացած երկրներն ավելի մեծ պարտք ունեն» համեմատությունը նույնպես սխալ է․ նրանք պարտք են վերցնում իրենց արժույթով , ունեն պահուստներ, հետեւապես դրա հաշվին ունեն շատ ավելի մեծ պաշտպանություն։

Այդ պատճառով IMF-ի մոտեցմամբ զարգացող երկրներում նույնիսկ 50% պարտքը կարող է ռիսկային լինել։

3. Ճանապարհներն ու դպրոցները կարևոր են, բայց IMF-ն ու WB-ն իրենց բոլոր զեկույցներում շեշտում են՝ պարտքը արդարացված է միայն այն դեպքում, եթե այն ստեղծում է այնպիսի աճ, որը թույլ կտա վաղը այդ պարտքը վճարել առանց նոր պարտք վերցնելու։

Պարզ է չէ՞, որ դպրոցն ու ճանապարհը չեն կարող առաջացնել համապատասխան տնտեսական աճ այն ժամկետում, որ սպասարկեն տվյալ վարկը:

Ու սա ոչ թե Նարեկն է ասում, այլ IMF-ն ու Համաշխարհային բանկը իրենց պաշտոնական զեկույցներում։

Կարո՞ղ է, ըստ Արուսյակի, նրանք էլ են մանիպուլացնում»։