Արդեն տեղեկացրել էինք, որ Վերաքննիչ Վարչական դատարանը մերժել է Երևանի ավագանու բողոքը` վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ է։
Aysor.am-ին Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ ՀՀ վերաքննիչ դատարանի վերը նշված որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվելու օրվանից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան:
Երևանի քաղաքապետարանից հայտնեցին նաև, որ ՀՀ վճռաբեկ դատարան՝ օրենքով սահմանված ժամկետում բողոք կներկայացնեն։
Հիշեցնենք՝ Վարչական դատարանը մասամբ բավարարել էր «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը և ոչ իրավաչափ էր ճանաչել Երևանի ավագանու 2025 թվականի տեղական վճարների որոշման մի մասը՝ մասնավորապես ավտոկայանատեղիների (կարմիր գծերի) սակագների բարձրացման վերաբերյալ կետերը։
Երևանի ավագանին այդ որոշման դեմ բողոքարկել էր Վերաքննիչ վարչական դատարանում, սակայն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 12-ին մերժել է բողոքը և ուժի մեջ թողել առաջին ատյանի դատական ակտը։










