Ես վստահ եմ, որ նոր ուժերը մի օր փոխարինելու են ՔՊ-ին. ԲՏԱ նախարար


Ես վստահ եմ, որ նոր ուժերը մի օր փոխարինելու են ՔՊ-ին. ԲՏԱ նախարար
Նոյեմբեր 21 16:41 2025

Հայաստանը ժողովրդավարական երկիր է և օրենսդրությամբ սահմանված է իրավունք մասնակցելու բոլոր քաղաքական գրանցված ուժերին համապետական ընտրություններում։  Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով հարցին՝ ո՞ւմ է առնչվում ըստ վարչապետի երեկվա՝ կապված 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական վերնախավի այն անդամները, ովքեր նախկինում ղեկավարել են Հայաստանը և այն թակարդի մեջ են պահել, պետք է հեռացվեն պաշտոնից և տեղ չունենան երկրի քաղաքական կյանքում, արված հայտարարությունը:

 

Հարցին՝ գուցե, ՔՊ-ի համար առավել հեշտ է վարկաբեկված, խոցելի քաղաքական ուժերի հետ գնալ ընտրությունների, հաղթել և նոր մտածել քաղաքական դաշտը մաքրելու մասին, ԲՏԱ նախարարը պատասխանել է. «Նաև այդպես։ Դրա համար է նաև մեր ցավը, որ ընդդիմադիր դաշտում ավելի արագ չեն ընթանում առողջացման տեմպերը, որովհետև ինձ համար անձնապես գերադասելի է պարտվել առողջ քաղաքական ուժի, որի դեպքում երկրի կառավարումն էլ ավելի արդյունավետ կիրականացվի, քան հավերժ մրցել արդեն իսկ լճացած, հեղինակազրկված, բարեփոխումներ բերելու և կյանքի որակը բարձրացնելու ունակություն չունեցող քաղաքական ուժերի հետ»։

Լրագրողները նկատեցին, որ նոր ուժեր են ստեղծվում, բայց իշխանությունները էլի նրանց նախկիններին են կապում, Հայրապետյանն ասաց. «Ես ողջունում եմ բոլոր նոր ուժերի ստեղծումը։ Ես վստահ եմ, որ նոր ուժերը մի օր փոխարինելու են ՔՊ-ին»։

 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր. «2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական վերնախավի այն անդամները, որոնք նախկինում ղեկավարել են Հայաստանը և այն թակարդի մեջ են պահել, պետք է հեռացվեն պաշտոնից և տեղ չունենան  երկրի քաղաքական կյանքում»։