Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան տեսաուղերձով հայտնեց, որ նոյեմբերի 23–ին Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ․ Հակոբ եկեղեցում մասնակցելու է Տեր Երվանդ քահանա Բաբայանի ձեռամբ մատուցվող պատարագին։ Սա Նիկոլ Փաշինյանի 5-րդ միջոցառումն է, որին նա մասնակցում է։ Առաջին երկուսը Փաշինյանը մասնակցել է կարգալույծ եղած հոգևորական Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) կողմից մատուցվող «պատարագներին», երրորդ կիրակին Թալինի սբ. Աստվածածին եկեղեցում Տեր Թադե Թախմազյանի «պատարագն է» , իսկ արդեն նախորդ կիրակի՝ նոյեմբերի 16-ին, Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանի ձեռամբ մատուցվածը։
Օրերս Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որի թեմում էլ գտնվում է այն եկեղեցին, ուր այս կիրակի պատրաստվում է այցելել Նիկոլ Փաշինյանը, Aravot․am-ի հետ զրույցում ասել էր, որ իշխանություն-եկեղեցի լարված հարաբերությունները հանգուցալուծումը հնարավոր է միայն երկխոսության և համերաշխության միջոցով։ Նշենք նաև, որ Գևորգ Սրբազանը Հովհաննավանքի նախկին քահանա Ստեփան Ասատրյանին կարգալուծ հռչակելու հարցին դեմ է քվեարկել և պարզաբանել , որ իր դեմ լինելն իբր «պայմանավորված է եղել բացառապես Եկեղեցու շահով, իսկ իր մոտեցումը «չի կարելի կապել քաղաքական որևէ օրակարգի հետ՝ ընդդիմության կամ իշխանության»։
Հաշվի առնելով, որ այս կիրակի Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Արարատ գյուղի Սբ․ Հակոբ եկեղեցում մատուցվող պատարագին, իսկ Արարատի մարզը պատկանում է Մասյացոտնի թեմին, առաջնորդն էլ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն է, փորձեցինք կապ հաստատել Սրբազանի հետ, հասկանալու՝ արդյո՞ք նա ներկա է գտնվելու պատարագին և մի շարք այլ հարցեր հղելու, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգերին։
Մենք հարցեր հղեցինք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանին։ Մասնավորապես հարցրինք այն մասին, որ առաջիկա կիրակի Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է պատարագի մասնակցել Արարատի Ս․ Հակոբ եկեղեցում, ուստի ինչպիսի՞ն է Մայր Աթոռի դիրքորոշումը։
«Յուրաքանչյուր անձի առջև եկեղեցիների դռները բաց են՝ մասնակցելու Սուրբ Խորհուրդներին ու արարողություններին»,-ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Իսկ այն հարցին, եթե կրկին Սուրբ Պատարագի ժամանակ չհիշատակվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը, քահանան նշեց, որ երևույթը դատապարտելի է։ Հակականոնական նման արարքը կարժանանա համապատասխան գնահատականի և կունենա իր հետևանքները», – նշեց նա։
24News-ը հարցմամբ դիմել էր նաև վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանին, հասկանալու, թե Նիկոլ Փաշինյանն ի՞նչ սկզբունքով է որոշում՝ ո՞ր եկեղեցում է մասնակցելու պատարագի։ Հովհաննավանքի պարագայում հասկանալի էր, որ հաջակցություն կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանի էր։ Թալինի պարագայում էլ՝ Տեր Թադեն ևս իր աջակցությունն էր հայտնել կարգալույխ եղածին։ Սակայն մեզ չհաջողվեց ստանալ ո’չ նրա, ո’չ կառավարության լրատվական բաժնի մեկնաբանությունը։










