Հայաստանն ակնկալում է Վրաստանի մասնակցությունը Երևանում կայանալիք գագաթնաժողովին և COP17-ին


Հայաստանն ակնկալում է Վրաստանի մասնակցությունը Երևանում կայանալիք գագաթնաժողովին և COP17-ին
Նոյեմբեր 19 18:07 2025

Հայաստանն ակնկալում է, որ Վրաստանը կմասնակցի 2026 թվականին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (COP17): «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Թբիլիսիում Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Հայաստանն ակտիվորեն նախապատրաստվում է 2026թ. Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի և Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի հյուրընկալմանը։ Ակնկալում ենք վրացական կողմի մասնակցությունը››,-նշեց ՀՀ նախագահը։ Վահագն Խաչատուրյանը նաև ընդգծեց, որ Վրաստանի նախագահի հետ երկկողմ օրակարգային հարցեր քննարկելուց զատ, քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները:

Նա նաև հայտարարեց, որ քննարկումների առանցքում են եղել երկկողմ տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև տրանսպորտի, զբոսաշրջության, էներգետիկայի, գործարար, ներդրումային, մշակութային, կրթական և երիտասարդական ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կանցկացվի Երևանում, 2026 թվականի մայիսի 4-ին, իսկ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ հոկտեմբերի 18-30-ը: ՀՀ նախագահը պաշտոնական այցով Վրաստանում է նոյեմբերի 19-ից 20-ը:

Այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանն արդեն հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ: Նախագահը նաև հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: