2025 թվականից ուժի մեջ մտած հարկային փոփոխություններից հետո, այն, ինչ օբյեկտիվորեն կանխատեսում էինք, ասում էինք, որ փոքր և միկրոբիզնեսն անհանգստացած է, մեր բոլոր մտահոգությունները, փաստարկներըիրականություն դարձան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:
«Փոքր ու միջին բիզնեսի համար հարկային բեռի զգալի ավելացման հետևանքով Հայաստանում աննախադեպ թվով բիզնեսներ են փակվել: Բազմաթիվ ՓՄՁ-ներ՝ այդ թվում մասնագիտական ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատարեր, փոքր արտադրություններ, գեղեցկության սրահներ և այլն, դադարեցրել են իրենց գործունեությունը, որոշ մասն էլ, ենթադրաբար, գործունեություն են ծավալում ստվերում»,-նշել է նա:
Ավետիսյանի դիտարկմամբ՝ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ, որտեղ, նաև, հազարավոր մարդիկ էին աշխատում, ու, իրենց աշխատանքով՝ առօրյա կյանքի հոգսերը հոգում, կանգնել են փաստի առաջ: Այսպիսով՝ ստեղծված իրավիճակից ոչ միայն փոքր բիզնեսի տնտեսական գործունեությունն է տուժել, այլ նաև՝ հասարակ քաղաքացին, ով աշխատում էր տվյալ կազմակերպությունում:
Նրա գնահատմամբ՝ այս ամենը էական սոցիալական հարված էր ոլորտին:
«Երբ ասում ենք այս իշխանության վարած քաղաքականությունն ունի ընդգծված հակասոցիալական բնույթ, նաև, նկատի ունենք՝ հենց սա: Այսինքն, հարվածը՝ այն տնտեսվարողներին, ովքեր իրենց աշխատանքով նաև առավելապես սոցիալական խնդիր են լուծում՝ իրենք իրենց համար, ինչպես նաև՝ բազմահազար աշխատողների»,-ավելացրել է Ավետիսյանը:
Նա նաև նկատում է՝ ստացվում է՝ «առաջին փուլում որոշակի ավել հարկեր հավաքեցին այս ոլորտից»: Սակայն, ըստ տնտեսագետի՝ սա ունենալու է կարճաժամկետ բնույթ, որովհետև, իրականում բիզնեսը փակվել՝ նշանակում է՝ ինչքան էլ դու բարձրացնես հարկերը, եթե այդ բիզնեսը փակվի կամ ստվերի տակ անցնի, մի փուլից հետո կրճատվելու են հարկերը:
«Նման հարկային քաղաքականությամբ տեղի է ունենում վերադասավորում: Ընկճելով, ապա խթանելով փոքր բիզնեսը՝ այդ դաշտը փորձում են տեղափոխել խոշոր և գերխոշոր բիզնես ոլորտ»,-համոզմունք է հայտնել տնտեսագետը:
Ավետիսյանի խոսքով, կրկնակի հարկային բեռը փաստ է՝ օբյեկտիվորեն բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների համար անդառնալի հետևանք ունեցավ:
Նշենք, որ ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնել էին, որ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համաձայն ավելացել է գործունեությունը նոր գրանցած կամ վերսկսած հարկ վճարողների քանակը:
Տնտեսագետը համամիտ չէ այս վիճակագրության հետ. «Իմ աչքի առաջ թվեր են ակնհայտորեն կեղծվում, ըստ էութան, քաղաքական պատվերով: Վերջերս, օրինակ՝ հապճեպ պետբյուջեի քննարկման վերջին օրով հրապարակեցին մի ցուցանիշ, իբրև թե աղքատության մակարդակը նվազել է 2023-24 թթ.-ների համեմատ, բայց, այնտեղ մանր տառերով գրել էին, որ համադրելի չէ 2024 թիվը նախորդ տարիների հետ: Բայց դա ո՞վ է կարդում՝ ոչ ոք, ըստ էության, նույնիսկ՝ նախարարը չի կարդում, երբ որ վերցնում ու հպարտանում է, իբրև կրճատվել է անահամադրելի ցուցանիշը համադրելով:
«Այնուամենայնիվ, եթե ինչ-որ ոլորտներում էլ նոր բիզնես է բացվել, շատ կարևոր է՝ առանց որևէ սուբյեկտիվ կողմի, թե այն հազարավորները, որ փակվել են՝ ինչ հետևանքներ են ունեցել: Ի վերջո, այս իշխանությունն ասում էր՝ նպաստից դեպի աշխատանք: Բայց ակնհայտ է, որ փոքր բիզնեսի բազմահազար տնտեսվարողները, երբ որ փակվել են, իրենք իրենց մի մասը և մեծ մասը, հակառակ ընթացքի մեջ է, այսինքն՝ կորցնելով աշխատանքն ու բիզնեսը, սեփական քրտինքով եկամուտ ունենալու հնարավորությունը, գնացել են աշխատանքից դեպի նպաստ»,-եզրափակել է Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարից կրկնակի բարձրացվել են փոքր և միջին ձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգում գործող հարկման դրույքաչափերը` շրջանառության հարկը, իսկ հուլիսից մասնագիտական ծառայությունների հարկումը բերվել է ընդհանուր հարկման դաշտ:










