ԱԺ-ում այսօր քննարկվելու է կառավարության 2026 թվականի բյուջեի նախագիծը։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ 2026 թվականի բյուջեով ամփոփում են բոլոր այն առաջնահերթությունները, որոնք սահմանվել էին կառավարության ծրագրով՝ միաժամանակ հայացը սևեռելով դեպի առաջ՝ խաղաղության և զարգացման նոր փուլ, որի հիմքերը դրվել են վերջին տարիների ընթացքում.«Նախորդ տարիների ամփոփումը եղել է այն, որ բյուջեն պետք է լինի ճկուն և կկարողանա արձագանքել օրեցօր վերաձևավորվող մեր աշխարհին, որն իրապես փոխվում է ավելի արագ, քան երբևէ։ Արհեստական բանականությունը, որին դեռ երեկ վերաբերվում էինք որպես ապագայի երևույթ, այսօր արդեն փոխում է աշխարհի բնույթը և անգամ՝ տնտեսությունների կառուցվածքը։ Այս և այլ գործոնների հաշվին ձևավորված նոր իրականության հետ մենք պետք է քայլենք համընթաց և փորձել անգամ մեկ քայլ առաջ անցնել, մտածել երկարաժամկետ, բայց գործել հստակ նախանշված քայլերով և համապատասխան տեմպով։ Անգամ բարենպաստ շրջափուլերում անհրաժեշտ է պատրաստ լինել հնարավոր ռիսկերին՝ պահպանելով կայունությունը և առաջանցիկ տեմպով զարգացնել տնտեսության ներուժը»։
Նախարարը շեշտեց՝ ամուր լինելու համար պետք է առաջնորդվենք այն մտքով, որ յուրաքանչյուր դժվարություն կարող է դառնալ նոր գաղափարների զարգացման և ստեղծման աղբյուր.«Կարևոր է միայն տեսնել այն հնարավորությունները և ճիշտ օգտագործել դրանք՝ ի շահ պետության կայուն զարգացման։ Այլ կերպ ասած՝ տեխնոլոգիական արագ զարգացման պայմաններում տնտեսության կայունությունը պետք է ապահովի նորարարությունների և մարդկային կարողությունների հավասարակշռված ներդրմամբ՝ պահպանելով սոցիալական ապահովությունը և կայուն աճի հիմքերը»։










