Պետպատվերի համար այսուհետեւ կվճարեն 200 հազար եւ ավելի դրամ աշխատավարձ ստացողները. նոր «հարկատեսակ». «Ժողովուրդ»


Պետպատվերի համար այսուհետեւ կվճարեն 200 հազար եւ ավելի դրամ աշխատավարձ ստացողները. նոր «հարկատեսակ». «Ժողովուրդ»
Նոյեմբեր 6 09:40 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջության համընդհանուր ապահովագրության թեման կարծես թե այնքան տխուր վիճակում է, որ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է սկսել զբաղվել դրանով: Երեկ նախարար Ավանեսյանը զեկուցում էր այս թեման գործադիրի ղեկավարին:

Հիշեցնենք, որ տարիներ շարունակ այս ոլորտը համակարգում էր փոխնախարար Լենա Նանուշյանը, որը այնքան է ձախողել ապահովագրության ներդրման համակարգը, որ տպավորություն է, թե վերջին պահին սկսել են ինչ-որ մտքեր միացնել իրար եւ ստանալ աղմուկ հարուցած մի ծրագիր:

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ 2026-ից սկսվելու է պարտադիր ապահովագրության իրենց աղմկահարույց ծրագրի առաջին փուլի մեկնարկը: Սա նշանակում է, որ 65 եւ ավելի տարիք ունեցող 536.988 քաղաքացիները (ըստ վիճ. կոմիտեի) եւ մինչեւ 18 տարեկան մոտ 755 814 բնակիչ (ըստ վիճ. կոմիտեի) պետք է օգտվեն ապահովագրությունից: Թվում է, թե հրաշալի նախագիծ է, մեր փոքրիկներն ու ծերերը առողջ կլինեն. բայց այստեղ թաքնված է կարեւոր նրբություն: Պարզվում է՝ մինչեւ հիմա 65 եւ ավելի տարիք ունեցող թոշակառուներն ու հաշմանդամություն ունեցողները, ինչպես նաեւ երեխաները արդեն իսկ օգտվում են պետպատվերի ծառայությունից: Սակայն Անահիտ Ավանեսյանը եւ ապահովագրության ծրագրի համակարգող փոխնախարար Լենա Նանուշյանը որոշել են այդ պետպատվերի անունը փոխել՝ դնելով համընդհանուր ապահովագրություն:

Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, որպես փորձագետ, բացատրեց, որ նախարարության այս խորամանկ որոշման հետեւանքով տուժում են մեր երկրի բոլոր այն աշխատող քաղաքացիները, ովքեր ստանում են 200 հազար եւ ավելի դրամ աշխատավարձ (ընդ որում, անհասկանալի է մնում՝ նշված 200 հազար դրամը վերաբերում է մաքուր աշխատավարձին, թե հարկերը ներառող ընդհանուր գումարին): Աշխատողները պետք է տարեկան 129 հազար դրամ ապահովագրության համար վճարեն:
Ստացվում է՝ այսօրվա գործող պետպատվերի համակարգը 2026-ից աշխատելու է 200 հազար եւ ավելի ստացող քաղաքացիների հաշվին: Իսկ ինչ են ստանալու աշխատող այդ քաղաքացիները, որոնք ապահովագրության համար 2026 թվականից պետք է պարտադիր վճար կատարեն ամեն ամիս՝ 10.750 դրամի չափով: Նրանց համար, ըստ նախարարության, առողջապահական նոր ծառայություններ մշակված չեն: Նրանք տարեկան մեկ անգամ «թեթեւ հետազոտություններ» եւ լաբորատոր ստուգումներ կարող են անցնել՝ ճիշտ այն ծառայությունները, որոնք այսօր նույն քաղաքացիները առաջնային բժշկական օղակներում՝ պոլիկլինիկաներում ստանում են:

Ինչ է ստացվում. 200 հազար եւ ավելի դրամ ստացող քաղաքացիների կողմից վճարված տարեկան 129 հազար դր. պարտադիր վճարների հաշվին առողջապահական բյուջե է գոյանում, որը փոխարինում է պետպատվերին, բայց Նանուշյանն ու Ավանեսյանը դա մատուցում են իբրեւ դարի բարեփոխում՝ առողջապահության ապահովագրություն: Մինչդեռ իրականում, փաստացի, «նոր հարկատեսակ» է ավելանում աշխատող քաղաքացիների համար»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: