«Այս իշխանությունների գործողություններում արդարադատություն ու տրամաբանություն չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործերով դատախազության հրատապ միջնորդություններին՝ հանրապետությունից բացակայելու արգելքի վերականգման պահանջով.
«Դատախազության նման հապճեպ միջնորդություններում տրամաբանություն փնտրելն անշնորհակալ գործ է: Իսկ այս իշխանությունների արդարադատության և ժողովրդավարության արժեքների վերաբերյալ խոսելն անիմաստ է: Ինչքան իրենք խոսեն «ժողովդրավարության բաստիոնի» մասին, տասնյակ քաղբանտարկյալների առկայությունը խոսում է մի կարևոր փաստի մասին, որ Հայաստանը միլիոնավոր կիլոմետրերով հեռու է ժողովրդավարությունից և հստակ քայլերով գնում է դեպի քաոս, հակաօրինական ռեժիմ»:
Հակաիրավական գործընթացներին միջազգային կառույցները չեն արձագանքում։ Էդուարդ Շարմազանովը շեշտեց՝ իրենց շահերն են հետապնդում.
«Ես համոզված եմ՝ այստեղ ինձ ճակատիցս «գյուլլեն», Արևմուտքը ոչ մի բան չի անի: Արևմուտքը որևէ խնդիր չունի, իր նպատակն է այս իշխանություններին քաջալերելն ու պատվեր տալը և երրրոդ հանրապետության բոլոր ժողովրդավարական ինստիտուտներն իսպառ քանդելը»:










