Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ավետիսյանն ու Մնացականյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար


Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ավետիսյանն ու Մնացականյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար
Հուլիս 27 23:01 2026

Այսօր՝ հուլիսի 27-ին Բաքվում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը գորգ դուրս եկան Գագիկ Խաչատրյանի գլխավորած հավաքականի 5 ներկայացուցիչներ:

Մեր ընտրանու կազմից մեդալների համար պայքարը շարունակում են 48 կգ քաշային Արարատ Ավետիսյանն ու 65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը: Երկու ըմբիշներն էլ հաջող ելույթներ ունեցան և հասան մինչև կիսաեզրափակիչ, որտեղ, ցավոք, չկարողացան հաղթահարել իրենց մրցակիցների արգելքն ու վաղը՝ հուլիսի 28-ին, կգոտեմարտեն բրոնզե մեդալների համար։

Եզրափակիչի ուղեգրի համար գոտեմարտում Վազգեն Մնացականյանն ուժերը չափեց Ռուսաստանը ներկայացնող Շամիլ Լաբազանովի հետ։ Մրցակցին հաջողվեց հենց առաջին մրցափուլի մեկնարկային րոպեին նպաստավոր դիրք ստանալ և չորս անընդմեջ գլորումով հանդիպման հաշիվը դարձնել 8-0՝ ժամանակից շուտ ավարտելով գոտեմարտը։ Արարատ Ավետիսյանն էլ իր կիսաեզրափակիչում 1-4 հաշվով զիջեց ղազախ Ալի Ալմասին։

Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած մեր մյուս մասնակիցներից 110 կգ քաշային Խաչիկ Խաչատրյանը, չնայած կրած պարտությանը, դեռևս պահպանում է բրոնզե մեդալ նվաճելու հնարավորությունը և կշարունակի պայքարը: Իսկ ահա 55 կգ քաշային Գեղամ Եղիազարյանի և 80 կգ քաշային Վահե Հովեյանի համար աշխարհի առաջնությունն արդեն ավարտված է. նրանք պարտվել են և դուրս մնացել հետագա պայքարից: