Իմ երազանքն է, որ հայ-թուրքական սահմանը օր առաջ բացվի. Կարո Փայլան


Իմ երազանքն է, որ հայ-թուրքական սահմանը օր առաջ բացվի. Կարո Փայլան
Նոյեմբեր 5 18:07 2025

Տարիներով Թուրքիա-Հայաստան հարաբերությունների նորմալացման պրոցեսի համար եմ աշխատում, և իմ երազանքն է, որ այս սահմանը օր առաջ բացվի, լրագրողների հետ զրույցում նշել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանը։

 

«Կարծում եմ՝ եկող տարի հունվարին կամ փետրվարին շատ լավ զարգացումներ կարող ենք տեսնել։ Եթե ամեն ինչ լավ գնա, սահմանի բացումը հունվարին կամ փետրվարին երրորդ երկրների քաղաքացիների համար է լինելու, դրանից հետո, հուսամ, մի քանի ամսվա ընթացքում Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիներն էլ կկարողանան սահմանը հատել։ Ես հայ–թուրքական հարաբերությունների ապագան փայլուն եմ տեսնում։

 

Թուրքիան հիմա ուզում է առաջ շարժվել, այդպիսի որոշում կա Անկարայում, և դա կարևոր է։ Բայց ամենամեծ արգելքը այն է, որ Ադրբեջանը և Թուրքիան վարում են մեկ քաղաքականությունը և Հայաստան–Թուրքիա հարաբերություններում Ադրբեջանը կարող էր արգելք լինել, և Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում Թուրքիան կարող էր արգելք լինել։ Հիմա այս երկուսը միասին են ընթանում, և այս ամիսները շատ որոշիչ պիտի լինեն թե՛ Թուրքիա-Հայաստան, թե՛ Հայաստան-Ադրբեջան նորմալիզացիայի համար»,-ասել է նա։