Ակնհայտ է, որ քաղաքական հետապնդումների մոլեգնող ալիքը բոլորին հասնում է։ Սերժ Սարգսյանն այս 7 տարիների ընթացքում, ինչպես իր կուսակից մյուս ընկերները, տարաբնույթ քաղաքական հետապնդումների և շինծու քրեական գործերի ու դատական նիստերի մեջ է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Սա շարունակվելու է։ Նիկոլ Փաշինյանը զբաղված է քաղաքական մրցակիցներին տարաբնույթ պետական լծակներով, իրավապահ համակարգը շահարկելով քաղաքականությունից դուրս թողնելու փորձերով»,-ասաց Աշոտյանը։
Նա նշեց, թե Հայաստանում հակաժողովրդավարական զարգացումները կարելի է կանխել երկու մեխանիզմով։
«Առաջինը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանազրկումն է, իշխանափոխությունը, ինչն այս պահի դրությամբ չի ստացվում։ Ցավոք, ընդդիմադիր ուժերի մի զգալի մասն ավելի շատ մտածում է ընտրությունների կատեգորիայով, քան օր առաջ այդ խնդրին համատեղ ուժերով լուծում տալու հրամայականով։
Երկրորդը՝ դրսի ճնշումներն են, որոնք չեն լինի, որովհետև ժողովրդավարության համար աշխահով մեկ «պայքարիստի» անուն հանած արևմուտքն առաջնորդվում է բացահայտ երկակի ստանդարտներով։ Եվ քանի Նիկոլ Փաշինյանը դրսում սպասարկում է իրենց համար համադրելի և ընդունելի շահեր, ներսում նրանք պատրստ են ամեն ինչի դեմ աչք փակել»,-ասաց Արմեն Աշոտյանը։










