25 տարիների ընթացքում չի եղել համապետական հիշատակի օր. կա անհրաժեշտություն՝ հունվարի 27-ը սահմանելու հիշատակի օր. Ռուբեն Ռուբինյան


25 տարիների ընթացքում չի եղել համապետական հիշատակի օր. կա անհրաժեշտություն՝ հունվարի 27-ը սահմանելու հիշատակի օր. Ռուբեն Ռուբինյան
Նոյեմբեր 5 13:49 2025

Հունվարի 27-ը կսահմանվի որպես «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր» ու կլինի ոչ աշխատանքային. նախաձեռնությունը ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն է ու «Հայաստան» խմբակցությունից հեռացած Գեղամ Նազարյանինը։

 

Ռուբեն Ռուբինյանն այսօր հայտարարեց, թե 25 տարիների ընթացքում չի եղել համապետական հիշատակի օր։

 

«Հաշվի առնելով վերջին տարիների իրադարձությունները՝ 2020-ին ու դրանից հետո եղել են տարբեր իրադարձություններ, մենք ունեցել ենք զոհեր, գաղտնիք չէ, որ դրանից առաջ էլ եղել են տարբեր ռազմական իրադարձություններ՝ ապրիլյան պատերազմը, դրանից առաջ՝ տարբեր սահմանային դեպքեր, հարձակումներ, ունեցել ենք նաև ծառայության ժամանակ զոհեր։ Կարծում եմ՝ կա անհրաժեշտություն՝ սահմանելու հիշատակի օր, որի ընթացքում կհարգենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը»,- նշեց Ռուբինյանը։

 

Թե ինչու են առաջարկում, որ այդ օրը լինի՝ Ռուբինյանը պարզաբանեց՝ պետք էր ընտրել այնպիսի օր, որը կոնկրետ որևէ ռազմական իրադարձության օր չէ։

 

«Ընտրել ենք հունվարի 27-ը՝ որպես բանակի օրվան նախորդող օր, որովհետև ավանդաբար հունվարի 28-ին պաշտնոյաներն այցելում են Եռաբլուր»,- ասաց ՔՊ-ականը։

 

Հիշեցնենք՝ կառավարությունը հավանություն է տվել այս նախագծին։