Մայր Աթոռի կարգապահական հանձանխումբն առանց Տեր Տարոն քահանա Հունանյանի կքննի նրա կարգապահության հարցը: Այդ մասին Aysor.am-ին ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Կարգալույծ կանե՞ն Տեր Տարոնին, Տեր Եսային դժվարացավ ասել. «Հիմա չեմ կարող ասել՝ ինչ որոշում կլինի. երբ որոշումն ընդունվի, կհրապարակվի: Իր կարգապահական հարցն է քննարկվելու: Ես չեմ մեկնաբանի՝ ինչու հրաժարվեց մասնակցել, իր որոշումն է: Եկեք որակումներ չտամ»:
Հիշեցնենք, որ կարգապահական հանձնախումբն այսօր Հաղարծինի վանքի հոգևոր հովիվ Տեր Տարոնին հրավիրել էր Մայր Աթոռ՝ մասնակցելու կարգապահական հանձնախմբի քննարկմանը: Լրագրողների հետ զրույցում Տեր Տարոնը հայտարարեց՝ հրաժարվել է քննարկմանը մասնակցել. «Հարցրի՝ արդյոք սենյակում ներկա անդամնե՞րն են քննելու իմ հարցը, և երբ ստացա դրական պատասխան, հայտարարեցի, որ հրաժարվում եմ այդ կազմով որևէ քննարկման մասնակցել։ Թող նախ այդ կազմի կարգապահական հարցերը քննարկեն, նոր անդրադառնան իմ անձին»:
Հիշեցնենք նաև, որ Տեր Տարոնը վերջին շրջանում հրապարակային գրառումներ է կատարում ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու, նաև հրապարակային իր աջակցությունն է հայտնել Հովհաննավանքի կարգալույծ եղած քահանային, աշխարհականների շարքին դասված Ստեփան Ասատրյանին, ով շարունակում է «պատարագներ» մատուցել, որոնց ներկա են լինում Նիկոլ Փաշինյանն ու նրա աջակիցները։










